Թբիլիսին Բաքվի ու Երևանի միջև՝ ի օգուտ Արևմուտքի․ աշխարհաքաղաքական ինչ խնդիր է լուծում Ղարիբաշվիլին
Հարավային Կովկասի շուրջ զարգացող բարդ աշխարհաքաղաքական զարգացումների հարապատկերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձգտում է առանձնահատուկ դերակատարություն ստանձնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում՝ զուգահեռաբար դիրքավորվելով ռեգիոնում որպես Արևմուտքի «ներկայացուցիչ»՝ առաջ մղելով արևմտյան շահն ու նպաստելով Հարավային Կովկասում արևմտյան կոմբինացիաների հաջողությանը։
Այս շաբաթվա ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հանդիպել է Զաքիր Հասանովի հետ։ Վերջերս տեղի էր ունեցել նաև Իլհամ Ալիևի անակնկալ այցը Վրաստան, որի մասին նախապես չէր տեղեկացվել նույնիսկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զաքիր Հասանովի հետ Ղարիբաշվիլին քննարկել էր Թբիլիսիի առաջարկած Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար առաջ քաշված «Խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը»։ Ինչպես հաղորդել էր Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ընդգծվել է, որ հարթակում, բացի Հարավային Կովկասի երկրներից, ներգրավված են նաև միջազգային գործընկերներ: Ղարիբաշվիլին կրկին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նաև ապագայում բոլոր հնարավոր ուղիներով աջակցել երկու հարևան երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը։
Իսկ ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր, կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Դեռևս 2021 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց մի հարթակ ստեղծելու առաջարկի մասին, որի շրջանակում Թբիլիսին մոդերատոր կդառնա Երևանի և Բաքվի միջև՝ պարզաբանելով, որ Թբիլիսին չի հավակնում նախաձեռնության շրջանակներում քաղաքական բնույթի հարցեր քննարկել։
Արդեն 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ալիևը հայտարարեց Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար Բաքու-Թբիլիսի-Երևան պլատֆորմի ստեղծման կարևորության մասին։ Ղարիբաշվիլին նաև փորձել էր Նիկոլ Փաշինյանից մեսիջներ փոխանցել Էրդողանին, թեև այդ շրջանում հանդիպումը չկայացավ, սակայն Թուրքիայի նախագահն էր բացահայտել, որ Փաշինյանն իրեն հրավիրել է հանդիպման Ղարիբաշվիլիի միջոցով։ Այս ամառ Թբիլիսիիում կայացավ նաև Միրզոյան-Բայրամով առաջին ուղիղ հանդիպումն առանց միջնորդների։ Վրաստանը, թերևս, ինչպես և տարածաշրջանային շատ այլ կենտրոններ, աշխարհաքաղաքական դրամատիկ զարգացումների թեմադրանքով նոր՝ առավել ակտիվ դերեր են ստանձնում, փորձելով իրենց դերակատարությունն ունենալ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում, այդ թվում՝ բոլորն իրենց ինքնուրույն գործողություններով ու առանձին նպատակներով աջակցելով աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների «պարտիաներին»։ Վրաստանը ևս բացառություն չէ։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ 2021 թվականից առաջարկված հարթակն այսօր պահանջարկ ունի, քանի որ դրա մեծ անհրաժեշտությունը տեսնում են կողմերը և Արևմուտքը, որը որքան էլ իր տեղում ակտիվ լինի, պետք է արձանագրել, որ հեռու է Հարավային Կովկասից ու այս փուլում նպաստելով վրացական դերի մեծացմանը, բարձրացնելով Վրաստանի կշիռը՝ է՛լ ավելի արդյունավետ ու ապահով կդարձնի աշխարհաքաղաքական միջավայրը։
Ըստ նրա, այսօր կարող ենք ավելի վստահ ասել, որ ռեգիոնում այս հարթակն ամենայն հավանականությամբ կձևավորվի, և այն չի սահմանափակվի ոչ քաղաքական հարցերի քննարկմամբ, քանի որ միայն ապաքաղաքական հարցերով այն չի ունենա կշիռ։
«Վրաստանի հարթակը Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնիսկ միջնորդություն չէ, որին սովոր են այս հակամարտության դեպքում տեսնել բոլորը, երբ կա գերտերություն միջնորդ, միջնորդներ ու կողմեր։ Այս հարթակը կարող է նպաստել ուղիղ երկխոսությանը, որն ըստ էության վաշինգտոնյան օրակարգ է։ Սա և դրա աշխարհաքաղաքական ֆոնը կարծես ընդունելի է Երևանի ու Բաքվի համար։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ թեև կան որոշակի ուրվագծային նշաններ, որ գուցե հաջողվի նման հարթակ ձևավորել, դեռ այդ հարթակը լիովին ուժի մեջ մտնելուց հեռու է, քանի որ կողմերն ունեն չբանակցված կամ չհամաձայնեցված լուրջ հարցեր։ Սա նշանակում է, որ այս կամ այն դեպքում այս փուլում Վրաստանն ինքնուրույն ու միակ միջնորդ չի կարող դառնալ, այլ կարող է այս գործընթացում ինչ-որ գործառույթներ իրականացնել։ Միևնույն ժամանակ Վրաստանը դուրս չի մնում ռեգիոնից, որն Արևմուտքից կտրելու փորձերը կան, այդ թվում՝ 3+2 ձևաչափի միջոցով։ Ռուսաստանն ուկրաինական պատերազմի հետևանքով արհեստական ներկայություն է պահպանում Հարավային Կովկասում, սակայն իր ազդեցությունը կարծես կիսում է Իրանի հետ, Իրանին գոհացնում է սա, քանի որ Իրանին էլ հարկավոր է Արևմուտքի ակտիվությունը հավասարակշռել կամ թույլ չտալ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակում Վրաստանն աշխատում է տարածաշրջանային հարթակ դառնալու ուղղությամբ, սակայն ոչ ինքնուրույն ու Արևմուտքից առանձին։