Գողը մտել է Գերմանիայի նախագահ Շտայնմայերի նստավայր
Կողոպուտի մեջ կասկածվող տղամարդը, փախչելով ոստիկանությունից, փորձել է թաքնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Բոնում գտնվող երկրորդ պաշտոնական նստավայրում։
Մեծ պարտեզ ունեցող շենքը երկրի ամենախիստ պահպանվող օբյեկտներից է։ Տեղեկությունը փոխանցում է RgRu պարբերականը: Ներխուժումից մի քանի րոպե անց չարագործը ձերբակալվել է։
Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հաստատել է, որ Շտայնմայերն անծանոթի ներխուժման պահին եղել է նստավայրում։ Նրան ոչ մի վտանգ չի սպառնացել։
Կասկածյալին մեղադրանք են ներկայացնելու ապօրինի ներխուժման համար։ 28-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել ավտոմեքենայի գողության համար։
Վիլլա Համերշմիդտը, որը գտնվում է Հռենոսի ափին, Գերմանիայի նախագահի պաշտոնական նստավայրն է 1950 թ.-ից։ Այն գտնվում է Շաումբուրգի պալատի մոտ, որը Գերմանիայի կանցլերի պաշտոնական նստավայրն է Բոնում: 1994 թ.-ին Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերը որոշեց պաշտոնական նստավայրը տեղափոխել Բեռլինի Բելվյու պալատ։ Եթե Շտայնմայերը գործերով ժամանում է Բոն, ապա առանձնատան վրա բարձրացվում է Գերմանիայի պետական դրոշը։