Բաժիններ՝

Ծնվել է աշխարհի 8 միլիարդերորդ երեխան. ովքե՞ր են 5, 6 և 7 միլիարդերորդ մարդիկ

Աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի շեմը՝ 7 միլիարդի շեմն անցնելուց ընդամենը 11 տարի անց: Այս մասին նշվում է BBC պարբերականում հրապարակված հոդվածում:

20-րդ դարի կեսերին արձանագրված մեծ աճից հետո բնակչության աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են: 9 միլիարդի շեմը հատելու համար կարող է 15 տարի պահանջվել, իսկ 10 միլիարդի հասնելու համար, ըստ ՄԱԿ-ի, մարդկությունը կարող է սպասել մինչև 2080 թվականը:

ՄԱԿ-ը նշում է, որ աշխարհում մարդկանց ճշգրիտ թիվը հաշվարկելը դժվար է, և իր հաշվարկներում կարող է մեկ-երկու տարով սխալվել, սակայն մոլորակի բնակչության 8 միլիարդի հատման շեմ է նշվում 2022 թ.-ի նոյեմբերի 15-ը:

Նախորդ տարիներին ՄԱԿ-ն ընտրել էր այն երեխաներին, որոնք պաշտոնապես համարվեցին աշխարհի հինգ, վեց և յոթ միլիարդերորդ մարդիկ:

1987թ. հուլիսի 11-ին Զագրեբում ծնված Մաթեյ Գասպարը համարվում է աշխարհի 5 միլիարդերորդ մարդը: Այժմ նա ամուսնացած է, աշխատում է որպես քիմիական ինժեներ, սակայն խուսափում է հարցազրույցներից և հրաժարվել է խոսել BBC-ի հետ:

Նրա ծնվելուց հետո մոլորակի բնակչությունն ավելացել է ևս 3 միլիարդով:

Աշխարհի 6 միլիարդերորդ մարդն է համարվում Բոսնիա և Հերցեգովինայում ապրող 23-ամյա Ադնան Մևիչը:

Նա տնտեսագիտության մագիստրոսի կոչում ունի և այժմ աշխատանք է փնտրում: Ապրում է Սարաևոյում իր մոր՝ Ֆաթիմայի հետ: Ադնանը հիշում է, որ իր ծննդյան օրերին իրեն միշտ այցելել են քաղաքական գործիչներ: Սակայն աշխարհի 6 միլիարդերորդ մարդը լինելու շնորհիվ նա 11 տարեկանում հանդիպել է իր հերոսի՝ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Իսկ Բանգլադեշում ապրող 11-ամյա Սադիա Սուլթանա Օիշին համարվում է աշխարհի 7 միլիարդերորդ մարդը: Ընտանիքն անակնկալի է եկել, երբ դստեր ծնվելուց հետո իրենց շրջապատել են հեռուստալրագրողները և տեղի պաշտոնյաները:

Աշխարհի բնակչության վերաբերյալ կանխատեսումներ անող երեք հիմնական կառույցներն են ՄԱԿ-ը, Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափման և գնահատման ինստիտուտը (IHME) և Վիեննայի IIASA-Wittgenstein կենտրոնը: Ըստ ՄԱԿ-ի՝ 2080-ականներին աշխարհի բնակչության թիվը կհասնի 10,4 միլիարդի, սակայն IHME-ի և IIASA-Wittgenstein-ի կանխատեսումների համաձայն՝ մոլորակի բնակչության թիվը կմոտենա 10 միլիարդի ավելի շուտ՝ 2060-2070 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս