Գիտի՝ ինչ որ անում է, հանցագործություն է, բայց ուզում է այդ հանցագործությունը վերագրել նախկիններին. Լարիսա Ալավերդյան
«Իրականում, ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք,- Հանրային հեռուստաընկերության եթերում վերջին հարցազրույցում վստահորեն հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է՝ Արցախը Հայաստան է, և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է:
Ի դեպ, Փաշինյանն այս հարցի շրջանակներում հղում տվեց միջազգային կառույցներին ու հանրությանը, ինչ-ինչ փաստաթղթերի՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ով, երբ, ինչպես է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս:
Այսօր արդեն թվիթերյան գրառմամբ նա արձանագրել է. «Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իր քաղաքացիներն են, սակայն կրակում է նրանց վրա, երբ վերջիններս գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ նախ արձանագրեց՝ չկա որևէ գրավոր փաստաթուղթ առ այն, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա հավելեց.
«Մնացյալն այդ անձնավորության զուտ փորձն է իր սեփական համոզումները, դավանանքները վերագրելու այլոց: Ինքը գիտի՝ ինչ որ անում է, հանցագործություն է, բայց ուզում է այդ հանցագործությունը վերագրել նախկիններին»:
Անդրադառնալով հարցազրույցում Փաշինյանի կողմից միջազգային կառույցներին հղում տալու փորձերին՝ իրավապաշտպանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ը չունի պետություն ճանաչելու գործառույթ, իսկ սահմանների անքակտելիության սկզբունքը նշանակում է, որ ցանկացած վեճ պետք է լուծվի առանց ուժի սպառնալիքի և ուժի կիրառման:
«Օրինակ, Ճապոնիան և Ռուսաստանն իրար վաղուց ճանաչած պետություններ են, բայց ունեն տարածքային վեճ. ես կարող եմ բերել տասնյակ օրինակներ, երբ հարևան երկրներն ունեն նման վեճեր և իրար ճանաչել են:
Հայաստանը երբեք չի ճանաչել Ադրբեջանը, չի ճանաչել այս կամ այն սահմանները: Չեմ կարծում, որ այդ անձնավորությունն այդչափ անգրագետ է. իմ միակ պնդումն այն է, որ նա ուղղակի ցանկանում է իր դավանանքը վերագրել այլոց և իրականացնել այն, ինչ չի իրականացրել ՀՀ ոչ մի ղեկավար՝ սկսած Առաջին նախագահից:
Ես բազմիցս եմ քննադատել Առաջին նախագահի դիրքորոշումը, բայց նա չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով ճանաչել է Ադրբեջանը և ճանաչել է այս կամ սահմանները, առավել ևս՝ չի էլ սկսել դելիմիտացիա և դեմարկացիա: Այս բոլոր նախաձեռնությունները պատկանում են անձամբ քաղաքացի Փաշինյան Նիկոլին, որի ցանկությունն է Արցախը բռնակցել Ադրբեջանին, իսկ ՀՀ-ն դարձնել Թուրքիայի կցորդի կցորդ (Ադրբեջանը վաղուց Թուրքիայի կցորդն է):
Որևէ քաղաքական գործիչ՝ անգամ Սովետական Միության ժամանակ երբևիցե չի ճանաչել այդ փաստը. հակառակը՝ միշտ պայքարել են, որ Արցախը դուրս գա Ադրբեջանի կազմից և մտնի ՀՀ կազմ: Կան փաստաթղթեր, որոնք 1920-21 թվականներին հաստատում են, որ Արցախը Հայաստանի մաս է, բայց չկա որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը»,- մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը:
Ի դեպ, նա հակասություն չի տեսնում Փաշինյանի թվիթերյան այսօրվա արձանագրումների և նախօրեին արված հայտարարությունների միջև:
«Նա չի ասում, թե ինչ է ինքը համարում. նա ուղղակի արձանագրում է փաստը: Ինքն ի՞նչ է դատաապարտել, դիմել է միջազգային որևէ կազմակերպության, դա դարձրել է քաղաքական օրակարգի հարց. ո՛չ, միայն փաստն է արձանագրում: Դրա հետ միասին՝ պնդում է նաև, որ ինքն անձամբ պետք է ստորագրի ինչ-ինչ պայմանագիր, որն ինքը կոչում է խաղաղության, որից 12 ժամ հետո, իր իսկ խոսքով, կարող է սկսել պատերազմ»,- մանրամասնեց իրավապաշտպանը: