Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ի հայերը իր քաղաքացիներն են, սակայն կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների սպանելու 54 փորձ է ձեռնարկել, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ սպանվել է, 16-ը՝ վիրավորվել:
Փաշինյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին իր քաղաքացիներն են, սակայն կրակում է նրանց վրա, երբ վերջիններս գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը խաղաղ բնակիչների սպանելու 54 փորձ է ձեռնարկել, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ սպանվել է, 16-ը՝ վիրավորվել: Սա՞ է Ադրբեջանի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է» նարատիվի իրականացումը»,- գրել է Փաշինյանը:
Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։
Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։