«Մենք ինչքա՞ն պետք է չարձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է». Փաշինյան

Հանրային հեռուստաընկերության լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է:

Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ մանիպուլյացիան գործի դրեց՝ պատասխանելով՝ այս իրավիճակում, եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այդ վետոյով միայնակ ամբողջ աշխարհի դեմ կռիվ չպետք է տալ, որովհետև չենք կարող:

Շարունակելով թեման՝ Փաշինյանն ասաց, թե 1996 թվականին ամբողջ միջազգային հանրությունն արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք իրականությունը հարաբերության հետ ճիշտ չենք կառուցում։ Իրականում, ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք», – կեղծելով իրականությունը՝ հայտարարեց Փաշինյանը, ապա թե՝ գուցե մեր բոլոր խնդիրները գալիս է նրանից, որ «մենք շարունակում ենք դա չտեսնել ու չենք ուզում դա տեսնել»:

«Երբ որ մենք ասում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում», – ընդգծեց Փաշինյանը:
Ի դեպ, Փաշինյանի ու Ալիևի հայտարարությունները, հետաքրքիր «զուգադիպությամբ» համընկնում են: Այսօր Իլհամ Ալիևը թվիթերում գրել է.

«Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված համատեղ հռչակագրերով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ»:

Պատահականությո՞ւն է, թե՞ պայմանավորվածություն: Դատեք ինքներդ:

Տեսանյութեր

Լրահոս