Սոցիալական ծառայության աշխատակիցների մեղադրանք է ներկայացվել ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները անապահովության համակարգում հաշվառված անձանց ընտանիքների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար նրանցից անձամբ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն:

Ինչպես  հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, 2020 թ. աշնանը ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու խնդրանքով Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակից Գ. Հ.-ին է դիմել վերջինիս կողմից սպասարկվող տարածքի բնակիչ Ն. Ղ.-ն: Տեղեկանալով վերջինիս կողմից կնոջ և երեխաների հետ տարբեր հասցեներում հաշվառված լինելու հանգամանքի մասին՝ Գ. Հ.-ն Ն. Ղ.-ի ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ կնոջ և երեխաների հաշվառման հասցեն փոխելու հարցում ուղղորդելու համար, Ն. Ղ.-ից պահանջել է 29.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Վերջինս, սակայն, չի համաձայնվել և խոստացել է նպաստի իրավունքից օգտվելու դեպքում իր կարողությունների սահմաններում նրան տալ որոշակի գումար:

2020 թ. դեկտեմբերի 25-ին Ն. Ղ.-ի ընտանիքը հաշվառվել է անապահովության գնահատման համակարգում և սկսել օգտվել ընտանեկան նպաստի իրավունքից, որից հետո Գ. Հ.-ն Ն.Ղ.-ից ստացել է 5.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ մեկ այլ նպաստառուի ընտանիք ոչ պատշաճ փաստաթղթերի հիման վրա ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք, որի հետևանքով որպես ընտանեկան նպաստ ավելի վճարված 306.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնել չկարողանալու պատճառով նպաստառուի ընտանիքի անդամը դիմել է Գ. Հ.-ին, ով խոստացել է օգնել նրան: Գ. Հ.-ի օգնությամբ նպաստառուի ընտանիքի անդամը ներկայացրել է հետգանձման ենթակա գումարը զիջելու վերաբերյալ դիմում, և արդյունքում վերադարձվել է գումարի մի մասը: Հիշյալ նպաստառու ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերադարձման ենթակա գումարի մի մասը զիջելու հարցում ուղղորդելու համար, 2021 թվականի նոյեմբերի 30-ին Գ. Հ.-ն նպաստառուի ընտանիքի անդամից ստացել է 10.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է Ախուրյանի տարածքային կենտրոնի մեկ այլ աշխատակցի` Վ. Խ.-ի կողմից անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպք: Մասնավորապես` 2021 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում Վ. Խ.-ն փաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձից ընդունելու և ընթացք տալու համար նպաստառուից ստացել է 18.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Հ.-ին և Վ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Տեսանյութեր

Լրահոս