Բաժիններ՝

ՀՀ տարածքում միայն «ՀԱՓԿ»-ի կողմից հավաստագրված կազմակերպություններն իրավունք ունեն իրականացնել պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը, համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) ընդհանուր գործընթացը։

Ինչպես հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից, ՀՀ տարածքում հիմնադրամները, հասարակական և այլ կազմակերպությունները ՊԶՎԻ միջոցառումներ իրականացնելու համար պետք է ունենան «ՀԱՓԿ»-ի կողմից տրված համապատասխան հավաստագրեր: Այդ նպատակով կազմակերպությունների աշխատակիցները «ՀԱՓԿ»-ի ուսումնական կենտրոնում մասնակցում են ՊԶՎԻ դասընթացավարի որակավորման դասընթացների, որի ընթացքում, մասնավորապես, ծանոթանում են ՀՀ տարածքում առկա ականների տեսակներին, առանձնահատկություններին, տեխնիկական բնութագրերին, դրանց հանդիպելու դեպքում անվտանգության պահպանման կանոններին: Քննությունները բարեհաջող հանձնելուց հետո մասնակիցները ստանում են դասընթացավարի որակավորում, նրանց տրվում են հավաստագրեր, որով թույլատրվում է ՀՀ տարածքում իրականացնել ՊԶՎԻ գործողություններ:

Նշվում է, որ «ՀԱՓԿ» -ի կողմից ոլորտի համակարգման և վերահսկողության նպատակն է հավաստիանալ, որ որակավորում ունեցող մասնագետներ են ՊԶՎԻ գործունեություն ծավալում՝ իրազեկելով բնակչությանը՝ այդ թվում երեխաներին, ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգների, ինչպես նաև՝ դրանց հանդիպելու դեպքում ճիշտ վարքագծի կանոնների պահպանման մասին, քանի որ դա անմիջականորեն առնչվում է նրանց կյանքին և անվտանգությանը։ ՊԶՎԻ գործողություններն իրականացվում են «ՀԱՓԿ»-ի կողմից սահմանված չափորոշիչներով և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի պահպանմամբ ձևավորված ուսումնամեթոդական նյութերի կիրառմամբ։

Իրազեկման աշխատանքների որակն ապահովելու և անհրաժեշտ մեթոդները պահպանելու նպատակով, անհրաժեշտ է, որ ՀՀ տարածքում միայն «ՀԱՓԿ»-ի կողմից հավաստագրված կազմակերպությունների մասնագիտական որակավորում ստացած ներկայացուցիչներն իրականացնեն ՊԶՎԻ դասընթացներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս