
450 կմ տեղական նշանակության ճանապարհ և 4000 ժամանակավոր աշխատատեղ. ամփոփվեց «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագիրը

Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» գործունեության 10 տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 450 կմ տեղական նշանակության ճանապարհների շինարարություն:
Այս մասին ծրագրի փակման միջոցառման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ ծրագրի ընթացքում կառուցված ճանապարհներն իսկապես կենսական նշանակություն ունեն:
«Մեր երկրի ռելիեֆից ելնելով՝ բարեկարգ ճանապարհ ունենալն իսկապես մեծ նշանակություն ունի: Ճանապարհների կառուցմամբ փոխվում է համայնքի միջավայրը: Այդ ծրագրերում ընդգրկված են համայնքի բոլոր կարևոր ենթակառուցվածքները»,-ասաց Սանոսյանը:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատն իր խոսքում նշեց, որ ծրագիրն էական նշանակություն է ունեցել՝ ձևավորելով մոտավորապես 4000 ժամանակավոր աշխատատեղ: «Ճանապարհների կառուցումն օգնել է նաև համայնքների զարգացմանը: Ճանապարհների կառուցման շնորհիվ նվազում են նաև տրանսպորտային ծախսերը»,-նշեց նա:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Նարեկ Զուլալյանն էլ հավելեց, որ ծրագրի նպատակն է բարելավել կենսական նշանակության ճանապարհային ցանցը, ապահովել գյուղական բնակչության հասանելիությունը հիվանդանոցներին, դպրոցներին և այլ հաստատություններին:
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի» բարելավման ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: