«Էլի հետ եմ գալու, որ պոստից գաս, հաց սարքող լինի․․․»․ տիկին Իդան պատերազմում կորցրել է որդուն և հայրենի Հադրութը
44-օրյա պատերազմի առաջին օրերին՝ հայրենի Հադրութը, իսկ շաբաթներ անց՝ նաև որդուն կորցրած տիկին Իդան շաբաթը մի քանի անգամ գալիս է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհում որդու շիրմին, համբուրում սառը շիրմաքարը, ժամերով նստում որդու նկարի մոտ ու մտքով զրուցում նրա հետ։
Նոյեմբերի 9-ին տիկին Իդան հերթական անգամ եկել էր Եռաբլուր։ Մեզ հետ զրույցում ինչպես հերոս որդու, այնպես էլ հայրենի Հադրութի մասին խոսում էր բացառապես ներկայով։
«Արդեն 50 քանի տարի է, որ ամուսնացել ու Հադրութում եմ ապրում։ Կռիվը, որ սկսվել ա, ես չեմ ուզեցել մեր տնից դուրս գամ, ասել եմ՝ մնամ, որ երեխաս գա, մտնի բաղնիքը, ես էլ հաց սարքեմ, որ հաց ուտի, նոր գնա․․․»։
Երեխան շուրջ 20 տարի Պաշտպանության բանակում ծառայած լեյտենանտ, 38-ամյա Սերգեյ Սարգսյանն է։ Հադրութի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կազմում էր ծառայություն իրականացնում։
«Արդեն 20 տարի է՝ աշխատում է, հենց բանակը պրծել եկել ա, մտել է ՀՕՊ, մնացել էր մի ամիս, որ թոշակի անցնի։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին ծառայության 20 տարին լրանալու էր, հոկտեմբերի 21-ին ինքը զոհվել է»։
Սերգեյն ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։ Տիկին Իդան պատմեց, թե որդին ինչքան կապված էր երեխաների հետ, ինչքան շատ էր սիրում փոքր աղջկան, մորն ասել էր, որ դեռ շատ աղջիկներ են ունենալու․
«Հայրը որ զոհվել է, աղջիկը 1 տարի 9 ամսական էր, հերը որ աշխատանքից գալիս ա, ամբողջ օրը՝ գրկած, ասում եմ՝ էնքան եք ուրախացել, որ էդ աղջիկը ծնվել է, ասում ա՝ մամա, արխային մնա, աղջիկ էլի է ծնվելու, մի 5 հատ։ Ասում եմ՝ բալես, ինչքան սիրտդ ուզում ա, թող ծնվի։ Ինքը շատ է սիրում երեխոցը, երեխեքն էլ հոր խոսքից դուրս չեն գալիս»։
Տիկին Իդան հիշեց կռվի օրերը, երբ որդին առաջնագծից զանգում և խնդրում էր, որպեսզի դուրս գան Հադրութից, բայց ինքը չէր ուզում, սպասում էր, որ տղան պետք է տուն գա՝ Հադրութի տուն․
«Ասացի՝ հարսին երեխոց հետ ճանապարհել ենք Երևան, ես էլ գնալու եմ Թաղլար, բայց էլի հետ եմ գալու, որ պոստից գաս, հաց սարքող լինի, հաց ուտես։ Գնացի 8 օր մնացի Թաղլար, ամեն օր խոսում ա՝ մամա, դուրս ե՛կ, մամա, դուրս ե՛կ, մամա, չմնա՛ս, ասում էի՝ չէ, բալես, դուրս չեմ գալու․․․
Հոկտեմբերի 8-ին եկանք Երևան․․․ Ամեն օր զանգում, հարցնում էի։ Էդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, չեմ զանգել, էդ օրն իր հոր ծննդյան օրն ա։ Որ Հադրութում ենք եղել, ամեն անգամ ասում էր՝ մամա, պատրաստվի, որ շուտ գնանք պապայի գերեզման։ Գնում էինք, հոր գերեզմանին ծնունդը շնորհավորում, գալիս։
Էնքան եմ հայհոյել հորը, ասում եմ՝ երևի նայել է տեսել, որ եկող չկա, երեխուս տարել է մոտը, էդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, երեխաս զոհվել է։
Ամեն ինչ կորցրած, տուն-տեղ կորցրած, բայց ոչ մի բան աչքիս չի երևում, մենակ իմ երեխաս ա երևում»։
Արցախցի կինը ամեն անգամ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ որդու շիրմին այցի գալիս, պարտադիր ծաղիկներ է խոնարհում նաև եղբոր թոռան՝ ժամկետային զինծառայող Արմեն Սարգսյանի շիրիմին։ Ասում է՝ 1 ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց պատերազմի դաշտում անմահացավ։