Վաշինգտոնը կողմերին փաստաթուղթ չի առաջարկում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մանրամասներ է հաղորդել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունների մասին:
ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը և դրա արդյունքներին, ասել է, որ հանդիպմանը նախարարները պայմանավորվել են ընդլայնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Ամերիկացի դիվանագետը նշել է, որ պետքարտուղար Բլինքենը ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերի համար հնարավորություններ կային հանդիպելու և փորձելու կամրջել իրենց տարաձայնությունները՝ որոշ դեպքերում առանց ԱՄՆ-ի՝ որպես ակտիվ մասնակցի:
«Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Փրայսը:
Նա պարզաբանել է, որ այն, ինչ իրենք անում են, փորձում են տարածք և հնարավորություն ստեղծել երկու կողմերի համար՝ միավորվելու, բացահայտելու իրենց տարբերությունները, որոնք շատ են, և փորձելու դրանք կամրջել: «Բայց մենք չէ, որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջև այս կայուն համապարփակ խաղաղությունը: Մենք նրանց ստորագրման պատրաստ փաստաթուղթ չենք ներկայացնում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք հնարավորություն ստեղծել դիվանագիտության համար, որը նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա տարբեր չէ մեր մոտեցումներից ամբողջ աշխարհում մի շարք այլ մարտահրավերների նկատմամբ։ Այդտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը։ Պատմական համաձայնությունը, որը ձեռք է բերվել Իսրայելի և Լիբանանի միջև ընդամենը մի քանի շաբաթ առաջ, այդտեղ Միացյալ Նահանգները խաղում էր միջնորդի, աջակցողի դեր, բայց մենք, իհարկե, պայմաններ չէինք թելադրում»,- հավելել էր Փրայսը։
Նա դրական նշան էր համարել այն, որ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են հրապարակել․ «Կարևոր է նշել, որ իր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ պետքարտուղար Բլինքենի հանդիպումից հետո երկու երկրները համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Համատեղ հայտարարությունը այս երկու երկրների համատեքստում […] շատ դրական նշան է, որ երկրները կարող են համաձայնության գալ ոչ միայն համատեղ հայտարարության, այլև բուն հարցի շուրջ»։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ինչպես կանխատեսվում էր, ինչը և հաստատեց ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը, ԱՄՆ-ը առանձին որևէ փաստաթուղթ չունի ձեռքի տակ, ինչպես նաև չունի հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչպիսին պետք է լինի կարգավորումը:
Նրա խոսքով, ԱՄՆ ճանապարհային քարտեզը և նպատակը խթանելն է, որպեսզի կողմերը միմյանց հետ երկխոսեն, փորձեն լեզու գտնել այն դեպքում, երբ ռեգիոնում շարունակվում է լարումը, հնչում է կրկին ռազմատենչ հռետորաբանություն:
«Այս մասին, կարծում եմ, նաև հայտարարվեց, քանի որ ՌԴ նախագահն էր խոսել այն մասին, որ կա վաշինգտոնյան տարբերակ, սակայն նկատի էր առնվում արևմտյան տարբերակ կամ մի հայտարարություն, որը քննարկվել էր ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը այսպիսի մոտեցում ունի, քանի որ հեռու է տարածաշրջանից ու չի տիրապետում այս տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկություններին, նրան, որ այստեղ ամեն բան այդքան հեշտ չէ, ու պատերազմով բոլոր հարցերը չեն վերջացել: Եթե դա այդպես լիներ, Խաղաղության համաձայնագիրը կլիներ տարիներ առաջ: Տարածաշրջանում լուրջ խնդիրներ կան, որոնցից գլխավորը Ղարաբաղի կարգավիճակն ու ապագան է, որտեղ այսօր փաստացի անվտանգությունն ապահովվում է ռուս խաղաղապահների կողմից, իսկ Ադրբեջանը ցանկանում է, որ խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգվի: Կարծես սա դառնում է այն առանցքային պատճառներից մեկը, որը մղում է Ադրբեջանին դեպի Արևմուտք:
Մյուս կողմից էլ Մակրոնի սուր հայտարարություններն են, որոնք Ադրբեջանին վանում են Արևմուտքից: Ադրբեջանը բանակցային բոլոր մայրաքաղաքներում տեսնում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ խնդիրներ, ուստի բարդ է կողմնորոշվել, թե որտեղ հիմնականում բանակցել, թեև ներկայումս առավելությունը Բրյուսելինն է: Վաշինգտոնյան հանդիպումը ցույց տվեց նաև, որ Բրյուսելյան հարթակում դեռ ոչ բոլոր հարցերն են համաձայնեցված ու բանակցված, բավականին շատ տնային աշխատանք կա անելու»,- ասաց Տարասովը:
Ըստ նրա, ԱՄՆ-ի ու ԵՄ ջանքերի հետ մեկտեղ՝ ամեն օր նկատվում է Իրանի Իսլամական Հանրապետության՝ Հարավային Կովկասում պատմական դերի վերականգնում ու նոր դրսևորումներ: «Սա չափազանց կարևոր փոփոխություն է, Իրանը ուղերձներ է հղում ոչ միայն տարածաշրջանային, այլև արտատարածաշրջանային երկրներին, կարծում եմ՝ այդ շարքում են նաև արևմտյան երկրները, որոնք փորձում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակ փոխել: Իրանը մտադիր է թույլ չտալ դա: Երեկ ևս Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարություններ է արել, այդ թվում՝ 3+3 ռեգիոնալ ձևաչափի մասին՝ առաջարկելով, որ բանակցություններում Իրանը դերակատարություն ստանձնի: Անվերջ չի հաջողվի անտեսել Իրանի դիրքորոշումը, սա հաստատ նոր ու կարևոր հանգամանք է»,- ասաց ռուս վերլուծաբանը՝ այս ամենի ֆոնին կարևորելով ավելի լայն առումով Իրան-Ռուսաստան համագործակցությունը:
Նա նաև նշեց, որ մամուլը երեկ հաղորդեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի չհայտարարված այցը Իրան, որտեղ նա բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել: «Բնականաբար, այս այցը վերաբերում է թե Սիրիային, թե Ուկրաինային, թե Հարավային Կովկասին: Իրան-Ռուսաստան բանակցությունները բավականին ինտենսիվ բնույթ են կրում, և ավելի շատ են շահերը, քան տարակարծությունները»,- նշեց նա:
Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ առանձին հանդիպման դերակատարություն պետք չէ ուռճացնել, քանի որ կարևորն ընդհանուր գործընթացն է, որը չափազանց բարդ է, թեև պատերազմից 3 տարի է անցել:
Ըստ նրա, հիմնական խնդիրները մնում են չլուծված:
«Բրյուսելում, թե Վաշինգտոնում կամ Մոսկվայում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում ու գուցե չլուծվեն: Պարզապես նկատվում է, որ հակամարտող կողմերը փորձում են նաև խաղալ աշխարհաքաղաքական միջավայրի վրա, տեսնել, թե հանուն այս տարածաշրջանում ազդեցության ո՛ր կենտրոնն ինչ է առաջարկում, ինչ պայմաններով: Ներկայումս սա է ընթանում, կողմերը վերջնականապես չեն մերժում նաև Մոսկվային, տպավորություն է, թե մեծ սակարկում է ընթանում: Ավելի հետաքրքիր կլինի հաջորդ հանդիպումը Փաշինյան-Ալիև մակարդակով Բրյուսելում, որտեղ կուրվագծվի, թե ինչի շուրջ են համաձայնության եկել կողմերը նախարարների մակարդակով: Այս պահին, դատելով պաշտոնական հայտարարություններից, սպառնալիքների բառապաշարից, կարելի է ենթադրել, որ բանակցություններն այդքան էլ անհարթ չեն: Ուստի այս ֆոնին Բլինքենի հետ հանդիպումը, ինչպես նաև Սոչիում կազմակերպված հանդիպումը ծառայեցին, որպեսզի կողմերի միջև բանակցային դադար չառաջանա»,- ասաց նա: