«Հայաստանի իշխանության ստորագրած որևէ փաստաթուղթ կամ ընդունած որևէ հայտարարություն չի համարվում վավեր, եթե չի անցել սահմանադրականության ստուգատեսով» Ջենեսիս Արմենիա

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների դադարեցման նպատակով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությունը շարունակում է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը պահել թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական տանդեմի ուղիղ սպառնալիքի տակ:

Հայադավ հայտարարությունը զինադադար չբերեց, ուր մնաց՝ խաղաղություն տարածաշրջանում. ավելին՝ պատերազմ հրահրած Ադրբեջանը գրավեց միջազգային իրավունքի ոչ ագրեսոր սուբյեկտի՝ ՀՀ տարածքից մոտ 200 քառ կմ տարածք և շարունակում է վերահսկել ինքնիշխան մեր պետության ռազմավարական նշանակության կարևորագույն ճանապարհները, հենակետերն ու ուղիղ նշանառության տակ պահում ՀՀ ենթակառուցվածքները:

Ադրբեջանի ֆաշիստական վարքաբանությունը ցայսօր չի արժանացել քաղաքական պատշաճ արձագանքի թե՛ Հայաստանի իշխանության, թե՛ միջազգային հանրության տարաբնույթ սուբյեկտների ու կազմակերպությունների կողմից, ինչն առաջին հերթին Հայաստանի դիվանագիտությունը փակուղի տարած և ռազմաքաղաքական դաշնակիցներից զրկած պաշտոնական Երևանի անհեռատես քաղաքականության հետևանքն է:

Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատումը խախտել է Հարավային կովկասում ուժերի հավասարակշռությունը, հարվածի տակ դրել հայկական զույգ պետությունների ռազմավարական ու կենսական շահերը: Այս ամենից ռազմաքաղաքական դիվիդենտներ են կուտակում Արցախի հայաթափմանն ու կարսացմանը ծառայող պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը՝ թիկունքին ունենալով անհեռատես, չհավասարակշռված ու հայկական անվտանգային օրակարգը չսպասարկող պաշտոնական Երևանի իշխանության անտարբեր ու դատապարտելի լռությունը:

Էներգետիկ ճգնաժամի նախաշեմին գտնվող Եվրամիությունը խախտել է իր քաղաքական սկզբունքայնությունն ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ մնալու իր երբեմնի հանձնառությունը. Բրյուսելը տուրք է տալիս ադրբեջանական էներգակիրներից օգտվելու այսրոպեական քաղաքականությանը և փորձում ձերբազատվել Արցախի խնդրից՝ բացահայտորեն աջակցելով Արցախի ուղղահայաց ենթակայությանն Ադրբեջանին:

Եվրամիության պաշտոնական այս մոտեցումը, որի ծուղակում կամավոր սկզբունքով հայտնվել է Հայաստանի ու հայության շահերը չսպասարկող գործող իշխանությունը, ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ Կովբյուրոյի 1921 թ. հուլիսյան հայտնի որոշումից, որով Նախիջևանն ու Արցախը բռնակցվեցին ցեղասպան Ադրբեջանին:

Արդի միջազգային հարաբերություններում վերպետական ամենաընդգրկուն կազմակերպության՝ ՄԱԿ-ի հիմնական նպատակներից է ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի հարգումը, առանց որի հնարավոր չէ խոսել խաղաղության մասին:

Խաղաղության օրակարգը չի կարող կենսունակ ու երկարատև լինել, եթե հենված լինի հակամարտող կողմերից որևէ մեկի ակնհայտ առավելության, իսկ մյուսի՝ լիակատար ձախողման վրա: Նման մոտեցումը կհանգեցնի համակարտության ռե-էսկալացիայի՝ իր բոլոր բացասական հետևանքներով: ԼՂԻՄ նախկին վարչական շրջաններ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի գործնական ու իրատեսական լուծումները, կարող են մոտեցնել հակամարտության կողմերին Երևանին, Բաքվին ու Ստեփանակերտին, խաղաղության օրակարգի շուրջ լուրջ բանակցություններ սկսելուն:

Խաղաղության հաստատման պայմանագիրը պետք է անցնի ներպետական մասնագիտական ու հանրային քննարկումների մեծ ճանապարհ: Առանց այդ լեգիտիմության, խաղաղության ամորֆ տեսլականը կդառնա ավելի խոցելի, եթե չասենք՝ անիրականանալի:

Ուստիև՝ Հայաստանի իշխանության ստորագրած որևէ փաստաթուղթ կամ ընդունած որևէ հայտարարություն չի համարվում վավեր, եթե չի անցել սահմանադրականության ստուգատեսով: Իսկ այստեղ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները միարժեք կպարտվեն:

Պ՛ինդ եղեք:

Ջենեսիս Արմենիա

Տեսանյութեր

Լրահոս