Ի՞նչ արձանագրվեց Վաշինգտոնում Բլինքենի միջնորդությամբ

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպեցին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվեցին Բլեր Հաուսում, որտեղ տեղի ունեցավ նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։

«Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

Սա պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ նման ձևաչափով թվով երկրորդ հանդիպումն էր Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում կազմակերպված հանդիպումից հետո:

Սրան հաջորդեց նմանատիպ ձևաչափով ռուսական նախաձեռնությունը՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Այս ընթացքում եղել էր ևս մեկ կարևոր հանդիպում Սպիտակ տանը սեպտեմբերի 27-ին էր՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված 17 անձանց։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ 17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։

Վերադառնալով հանդիպմանը, Բլինքենը հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ՝ նշելով.

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը, և 1991 թվականի անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք։

Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 և ավելի տարվա հակամարտությունն ունեցել է հսկայական մարդկային, նյութական կորուստներ՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական քայլեր և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակի շուրջ և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար»:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ հանդիպումը դրական է հակամարտող կողմերի միջև շփման տեսանկյունից, քանի որ ամեն դեպքում կողմերը հանդիպել են:

Սակայն, ըստ նրա, հանդիպմանը որևէ արդյունք չի գրանցվել, միայն արձանագրվել է, որ կան չլուծված խնդիրներ, ու կողմերը դրանք պետք է սկսեն ավելի ակտիվ բանակցել:

«Նկատելի է նաև այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարությունների տարածած հայտարարությունները եռակողմ հանդիպման մասին նույնական էին, այսինքն՝ լիովին համաձայնեցված ամերիկյան կողմի ներկայությամբ: Կարևոր արդյունքը պայմանավորվածությունն էր հերթական հանդիպումն անցկացնել, ըստ իս, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում, որովհետև կողմերը քննարկում են կարգավորման եվրոպական տարբերակը, վստահաբար Վաշինգտոնում քննարկել են հենց այդ համաձայնագրում տեղ գտնելիք հարցերը: Շատ կարևոր է հստակեցնել, թե ինչ հարցերի մասին է խոսքը, կրկին գործընթացը և դրա բովանդակությունը բավականին փակ է հանրությունից, որը դատողություններ անելը բարդացնում է:

Մյուս կողմից՝ պետք է նաև նշել, որ պաշտոնապես նմանատիպ արդյունքով հանդիպումն ամենևին չի նշանակում, որ արդյունքներ չեն եղել, պարզապես նման բարդ դիվանագիտական գործընթացներում նորությունների մասին կողմերը համաձայնեցված կարգով հայտնում են մի քանի քայլով առաջ գնալու դեպքում, և այս դեպքում չափազանց բարդ է ասել, թե կողմերը ուր են հասել: Այն, որ սեպտեմբերյան բախումները հավելյալ բարդություններ են ստեղծել, դանդաղեցրել գործընթացը, աշխարհաքաղաքական նոր խաղացողներ մտցրել գործընթաց, ակնհայտ է, սա ինքնին ենթադրում է նոր իրավիճակ, չի բացառվում՝ գործընթացների երկարաձգում»,- ասաց նա:

Մալաշենկոյի դիտարկմամբ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ֆոնին Բլինքենի խոսքում կարելի է ուղերձ նկատել՝ ուղղված Ադրբեջանին՝ Հայաստանի  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման անթույլատրելիության մասին, որը, թերևս, այս հանդիպման ամենաուշագրավ դրվագն է:

Ռուս վերլուծաբանի կարծիքով, պաշտոնական հայտարարություններից քիչ է նկատվում, սակայն Հարավային Կովկասում բանակցությունների միջնորդի դերի շուրջ մեծ մրցակցություն է ծավալվել:

«ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է խթանել երկկողմ բանակցությունները, որպեսզի Ռուսաստանը, որպես մշտական միջնորդ, դուրս գա Հայաստանի ու Ադրբեջանի միջից, որպեսզի կողմերն իրար մեջ երկխոսեն ու համաձայնությունների գան՝ առանց Արևմուտքին անհանգստացնելու, այդ դեպքում, բնականաբար, Ռուսաստանի ներկայության հարցն ինքնըստինքյան կլուծվի: Սակայն, կարծում եմ, Արևմուտքում չկան պատրանքներ նաև այդ մասով, քանի որ, երբ հարցը հասնում է նրան, որ կողմերն իրենք բանակցեն առանց միջնորդների, գործընթացում էլ ավելի մեծ բարդություններ են ի հայտ գալիս, հատկապես, երբ Ադրբեջանն ուժի լեզուն է անընդհատ փորձում գործի դնել: Ուստի սա ո՛չ վերջին, ո՛չ նախավերջին, ո՛չ էլ նմանատիպ վերջին հանդիպումներից էր: Սեպտեմբերյան բախումներից հետո գործընթացի տրամաբանությունը մեծապես փոխվել է, անընդհատ լողացող գործընթաց է, և բարդ է նույնիսկ ասել, թե որ պահին ՌԴ-ն ինչպիսի դիրքորոշում կստանձնի, ինչ որոշում կկայացնի:

Ռուսաստանի որոշումներից Հարավային Կովկասում շատ բան է կախված, եթե որոշում չփոխվի, իհարկե, ներկայիս տրամաբանությունը՝ արևմտյան հովանու ներքո Իրանի, Վրաստանի միջնորդական ջանքերով այս ամենը կշարունակվի մինչև համաձայնագրի կնքում: Բայց խիստ կասկածելի է, որ կողմերը դրան կհասնեն մինչև տարեվերջ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս