«Քանի դեռ ընդդիմության առաջնորդի անունը հայտնի չէ, Փաշինյանին հեռացնելու գործընթացն օր օրի ավելի է դժվարանալու». Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի կարծիքով՝ ընդդիմության պայքարն ինչ-որ փուլից միանշանակ հաջողելու է, բայց ամեն օրը շատ թանկ է նստում:

«Այս իրավիճակը մեզ հերթական անգամ ստիպում է ֆիքսել մեկ օրակարգ. Առաջնայինը մեր պետության անվտանգությունն է: Եթե մեկ տարի առաջ մարդիկ ասում էին՝ լավ, պատերազմը պարտվել ենք, բայց գոնե Հայաստանը պահպանվի, այսօր արդեն գրավել են Ջերմուկի մի հատվածը, Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Սև լճի մի հատվածը, թշնամին շարունակում է ագրեսիա կիրառել, կրակել: Փաստացի, այն օրակարգը, որն առաջ է քաշում իշխանությունը, տապալված է՝ ոչ թե նրա համար, որ մենք ուզում ենք՝ իշխանությունը տապալվի, ոչ, մենք մի նավի վրա ենք, բայց նաև գիտակցում ենք, որ որքան երկար այդ նավավարը լինի նավի ղեկին, այդքան այդ նավի խորտակվելու հավանականությունն ավելի շատ է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դերզյանի խոսքով՝ 2018թ. ընդդիմության դեմ տեղեկատվական դաշտում այնպիսի պայքար չկար, ինչպես գործող իշխանությունները ներկայիս ընդդիմության դեմ են իրականացնում.

«Երբ հիմա հաճախ ասում ենք, որ դիկտատուրա է, մարդկանց մոտ հարց է առաջանում՝ բայց փողոցում ընդդիմացողին չեն սպանում, կամ հանրային ցույցերի ժամանակ չեն գնդակահարում, չնայած՝ առանձին-առանձին տեսնում ենք՝ ինչպես են մարդկանց կալանավորում, ինչպես են մարդիկ դատարանում մահանում: Նոր դիկտատորները, որոնք առավել տարածված են 21-րդ դարում, աշխատում են մանիպուլյացիայի վրա և հասարակությանը տեղեկատվական առումով խեղդում են իրենց կեղծ ինֆորմացիայով: Միլիոնավոր դոլարներ են ծախսվում ատելություն սերմանելու, քաղաքացիներին բաժանելու համար»:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ ընդդիմությունը պետք է ներկայացնի իր առաջնորդին. «Մարդկանց կարող ես իդեալական ծրագիր ներկայացնել, բայց մարդիկ անձի հետևից են գնում: Դու կարող ես ներկայացնել ընտիր ծրագիր, բայց մարդիկ ասելու են՝ խնդիր չկա, շատ լավ է գրված, բայց ո՞վ է դա իրականացնելու: Ես կիսում եմ այն դիրքորոշումը, որ հաջողության հասնելու առավել կարևոր կետերից մեկը և հասարակության հետ առավել ուղիղ, առավել հասանելի խոսելու կետերից մեկը միանշանակ այն առաջնորդի անունը տալն է, ով դա անելու է, ում շուրջ կոնսոլիդացվելու է ընդդիմությունը: Քանի դեռ այդ կետն առկա չէ, Փաշինյանին հեռացնելու գործընթացն օր օրի ավելի է դժվարանալու»:

Հայկ Դերզյանը հավելեց. «Գուցե նոնսենս հնչի, բայց այս եթերում ուզում եմ պաշտպանել Խաչատուր Սուքիասյանին և մի շարք ՔՊ-ականների: Նիկոլ Փաշինյանը, իրականում, ազնիվ չէ Խաչատուր Սուքիասյանի և մի շարք ՔՊ-ականների հետ. նա նրանց չի ասել, որ իշխանություն են:

Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը երեկ միլիարդներից էր խոսում, ՔՊ-ականները խոսում են թալանից: Այդ մարդկանց երևի չեն ասել, որ իրենք իշխանություն են, որովհետև հակառակ դեպքում, եթե մարդ գիտի, որ ինքն իշխանություն է, ունի լծակներ, և ասում է՝ այսինչ թալանչիները, և որևէ քրեական գործ չի ներկայացնում  դատախազություն, օրինակներ, փաստեր, փաստաթղթեր, ձայնագրություններ, ուրեմն՝ կամ ինքն է կատարյալ ապուշ, կամ մարդկանց ապուշի տեղ է դրել, կամ երրորդ՝ և՛ կատարյալ ապուշ է, և՛ մարդկանց է ապուշի տեղ դրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս