Բաժիններ՝

Կառավարական ամառանոցի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Կիրակի երեկոյան Կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզման փորձ կատարած 47-ամյա տղամարդը շարունակում է բուժում ստանալ Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Ինչպես բուժհաստատությունից 168.am-ին փոխանցեցին՝ տղամարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Փորձեցինք կապ հաստատել վերակենդանացման բաժանմունքի աշխատակցի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Առողջապահության նախարարության լրատվական ծառայության հետ, սակայն մեր զանգերին պատասխանող չեղավ։

Կարդացեք նաև

Նշենք, որ քաղաքացու վիճակը երեկ ծանր էր գնահատվում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 21։30-ի սահմաններում Կառավարական ամառանոցների մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ էր կատարել։

168.am-ին հայտնի էր դարձել, որ քաղաքացին ազգությամբ եզդի, 47-ամյա Ա․ Ուսոյանն է։

Այրվածքաբանության կենտրոնի բակում նոյեմբերի 6-ի գիշերը 168.am-ը զրուցել էր Ուսոյանի հարազատների հետ, որոնք որոշ մանրամասներ էին փոխանցել։

«Իրենք օրվա աշխատավարձով ապրող ընտանիք են: Ա. Ուսոյանը մի մեքենա ունի, որով պլաստմասսե տարաներ, մետաղներ է հավաքում և հանձնում»,- պատմել էր հրկիզված տղամարդու հարազատներից մեկը:

Նրա խոսքով՝ երեկ առավոտյան սովորականի նման Ա. Ուսոյանն իր աշխատանքն է կատարել, Մյասնիկյան պողոտայով անցնելիս պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել և տուգանել են նրան, իսկ ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ.

«Ա.-ն ասել է՝ ի՞նչ եք անում, ես էս ավտոյով եմ գումար աշխատում, բայց ոչ մի բան, մեքենան այդպես՝ պլաստիկներով ու մետաղի կտորներով կիսաբեռնված՝ տեղափոխել են տուգանային հրապարակ»:

Ուսոյանի հարազատները նաև պատմել էին, որ տղամարդը 10.000 դրամ պարտք է ունեցել, ինչի պատճառով մեքենան տեղափոխել են Հալաբյան փողոցի վրա գտնվող հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Ավելի ուշ ԴԱՀԿ-ն պարզաբանում էր տարածել կատարվածի առնչությամբ, նշել, որ Ա․ Ուսոյանի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն, օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն դրամ։

«Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ա․ Ուսոյանը տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին»։

Տեսանյութեր

Լրահոս