Չի բացառվում, որ տարածաշրջանային՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան, մեխանիզմը մոտ ապագայում գործարկվի. վրացի վերլուծաբան

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

ՀՀ կառավարության փոխանցմամբ, քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: Բացի այդ, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր վրացի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

«Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 24-ին Վրաստանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններում չթաքցրեց, որ այցն ունի տարածաշրջանային նշանակություն: Ալիևը, ի թիվս այլ հարցերի, ասել էր.

«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո ժամանակն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն, սա է մեր մտադրությունը։ Մենք հայկական կողմին ներկայացրել ենք 5 հիմնական սկզբունքներից բաղկացած մեր առաջարկները. Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ միջազգային հանրության կողմից ճանաչված այս հիմնական սկզբունքների հիման վրա։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում խաղաղություն կգա, ինչպես նաև համագործակցության հնարավորություններ կառաջանան։ Այսօր մտքեր ենք փոխանակել նաև Վրաստան-Ադրբեջան-Հայաստան խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։ Եթե ​​հայկական կողմը պատրաստ է սրան, մենք էլ ենք պատրաստ»:

168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ պատահական չէ, որ հայ-վրացական շփումներում խոսվում է Սոչիի եռակողմ բանակցությունների արդյունքների մասին:

Նախ, նրա որակմամբ, Հարավային Կովկասում անվտանգության հարցը Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գլխավոր շահն է, ուստի Վրաստանն այն առաջին երկրներից մեկն է, որը մշտապես պետք է ներգրավված լիներ ու դերակատարություն ունենար հակամարտության գոտում իրավիճակը մեղմելու գործում:

«Ինչ-ինչ պատճառներից ելնելով, այդ հարցը մշտապես քննարկվել է, Վրաստանն առաջարկել է կամուրջ լինել, քննարկումների վայր լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քաղաքացիական հասարակությունների մակարդակով Վրաստանը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է հյուրընկալել, սակայն բարձրաստիճան նախաձեռնություններ չեն եղել: Առաջինը Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումն էր Վրաստանում, սակայն, կարծում եմ, Վրաստանում մտածում են, որ դա պետք է շարունակական լինի:

Ադրբեջանից ևս դեմ չեն կարծես, եթե Հայաստանը արդյունքներ է ներկայացնում, նշանակում է՝ Հայաստանը ևս գործընթացում է, և կան բոլոր հիմքերը, որ տարածաշրջանային մեխանիզմ գործարկվի, որը կքննարկի՝ ինչպես քաղաքական տարաձայնություններ, այնպես էլ՝ ապագա պրոյեկտներ: Նախկինում կար ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործունեությունը և դրան չմիջամտելը կարմիր գիծ էր բոլոր երկրների համար, հիմա այդ մեխանիզմը փլվել է, և երկրներն իրենց առանձին ջանքերն են ներդնում: Արևմուտքն իր հերթին՝ խթանում է Վրաստանի այս դերակատարությունը, պատահական չէ, որ ամերիկյան մի շարք նախաձեռնություններ իրականացվում են Վրաստանի միջոցով, այդ թվում՝ պատերազմից հետո:

Ռեգիոնալ այս գիծը շարունակվում է, Վրաստանին ձեռնտու է, որ Արևմուտքը մեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում, որպեսզի Վրաստանին հեշտ լինի դիմակայել 3+3 կոչվող պրոյեկտի ու դրանում շահագրգիռ ուժերի ջանքերին: Վրաստանը դրան միանշանակ դեմ է ՌԴ մասնակցության պատճառով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս