2023 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեն կկազմի 42 միլիարդ դրամ

«2023 թվականի բյուջեով նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 միլիարդ 316 միլիոն դրամ, որոնցից խոշոր մասերն են՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները՝ 18 միլիարդ դրամի շրջանակներում, Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպումը՝ 2 միլիարդ 700 միլիոն դրամի շրջանակներում»,- ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ բյուջեով  նախատեսված է  3 միլիարդ դրամի շրջանակում գումար:

Բացի այդ, նրա փոխանցմամբ, մեծ մասնաբաժին է կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը, որի մրցույթը կայացել է անցած տարի: Պայմանագիրը ստորագրվել է, և սպասվում է, որ ավտոբուսները կլինեն Երևանում  հունիս-հուլիս ամիսներին: Ընդհանուր առմամբ 9 միլիարդ դրամի շրջանակում:

2 միլիարդ դրամի շրջանակում գումար է նախատեսված նաև էներգախնայող միջոցառումների շրջանակներում մանկապատեզների վերանորոգման համարը, որը ներառում է և՛ սեյսմիկ անվտանգությունը, և՛ էներգախնայողության կոմպոնենտը:

«Այս բյուջեով որպես պատվիրակված լիազորություն՝ նախատեսված է 1 միլիարդ 100 միլիոն դրամի չափով գումար՝ Մետրոպոլիտենում նոր կայարանի նախագծման համար: Մրցույթը դեռ անցած տարի էր կայացել: Համայնքային միջոցներից մոտ 800 միլիոն դրամ գումար էինք տրամադրել, մնացած մասը պետական բյուջեից կտրամադրվի, և հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին կունենանք նախագծային փաստաթուղթ, որը կանցնի փորձաքննության, ապա կքննարկվի համապատասխան ֆինանսական միջոցների ներգրավումը՝ մետրոպոլիտենի շինարարության աշխատանքների մրցույթի հայտարարման համար»,- նշեց քաղաքապետը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս