«Մեծագույն կեղծիք ու միֆ է այն, որ այս պահին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների». Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի վերաբերյալ մշտապես հայտարարում են, թե այդ գործընթացն առաջ է տարվում առանց նախապայմանների, սակայն վերջերս Արարատ Միրզոյանի հայտարարությունը ճիշտ հակառակի մասին է վկայում։
2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելու ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները մշտապես կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։
Արդյո՞ք այս հայտարարությունը ևս մեկ անգամ չի ապացուցում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են Թուրքիայի նախապայմաններով, և առհասարակ՝ մինչև այժմ այդ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից հայկական կողմի համար որևէ դրական արդյունք կամ առաջընթաց կա՞։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանելով վերը նշված հարցին՝ ասաց՝ առաջընթաց տերմինն այս պարագայում Հայաստանի համար կիրառելը սխալ է։
«Թուրքիայի համար գուցե կա առաջընթաց, իսկ Հայաստանի համար՝ միայն հետընթաց, որովհետև Հայաստանը հիմա գնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական պարտադրանքներով, նախապայմաններով, այն նախապայմաններով, որոնք 30 տարի Հայաստանը մերժել է, և դրա համար էլ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվել։ Այդպես է եղել, ոչ թե Հայաստանն ունեցել է թույլ դիվանագիտություն, այլ Թուրքիան ցանկանում էր Հայաստանին ստիպել անել քայլեր, որոնք հակասում էին հայկական պետական շահին։ Այսօր թուրքական ոճը շարունակում է մնալ անփոփոխ՝ կրկին նույն պարտադրանքները, փոխվել է միայն Հայաստանի ընկալումներն ու դիմադրողականությունը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ Ռուբեն Մելքոնյանի, ի սկզբանե բոլոր մասնագետները հայտարարում էին, որ հայ-թուրքական հարաբերությունները գնում են նախապայմանների ճանապարհով։
Մեծագույն կեղծիք ու միֆ է այն, որ այս պահին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների, և Արարատ Միրզոյանի հայտարարությունն ի ցույց է դնում, որ անգամ ինքը չի հավատում և երևի իրենց թիմի մի հատված չի հավատում նրան, ինչն ասում են։ Այդ հայտարարությունը ոչ թե ենթատեքստով, այլ գրեթե ուղիղ փաստում է, որ այն, ինչ իրենք հայտարարում են ժողովրդի առջև՝ ուղղակի սուտ է։ Հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են ընթանալ թուրքական նախապայմանների դրոշի ներքո»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։