«Չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ. ինչպես ինքն է ասում՝ իրեն գժի տեղ դնելով, կփորձի հետաձգել դա». Վանեցյան

Իշխանությունը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ վերարտադրվել նաև խաղաղության օրակարգն առաջ մղելով: Լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները մի քանի անգամ ԱԺ ամբիոնից, տարբեր հարցազրույցներում և հանրային ելույթներում ասել են, որ խաղաղության օրակարգը ձախողված է, թեպետ շարունակում են ասել՝ այո, բերելու ենք խաղաղություն, բայց ի՞նչ գնով:

«Ես չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ, որովհետև և՛ իմ անձնական կարծիքով, և՛ ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նա այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում և տեսնում է, որ չի կարողանում Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել: Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը պատերազմի ընթացքում և դրանից հետո ուղղված են բացառապես իր իշխանությունը պահելուն: Ինքը հասկանում է, որ եթե գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, ինքը կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ՝ հերթական անգամ խաբելով, ինչպես ինքն է ասում՝ գժի տեղ դնելով, կփորձի հետաձգել դա»,- շարունակել է Արթուր Վանեցյանը:

Ըստ ԱԱԾ նախկին ղեկավարի՝ պետք է օր առաջ լուծվի Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրը, պետք է վերականգնվի մեր անվտանգային համակարգը, և պետք է կարողանանք նորմալ դիրքերից բանակցել:

Իսկ այն, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե նոյեմբերի 9-ից հետո Արցախի անվտանգությունն ապահովելու կարողություն, ռեսուրս Հայաստանի Հանրապետությունը չունի, Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք իրավասու չեն նման հայտարարություն անել՝ հղում անելով ՀՀ հիմնադիր փաստաթղթին:

«Բայց այս մարդիկ, անգամ մարդիկ չեմ ուզում ասել, ցույց են տալիս, որ իրենց համար կարևորն իրենց իշխանությունը պահելն է: Կարևոր չի՝ Արցախը կլինի՞, թե՞ չի լինի, կամ՝ Սյունիքում այս գյուղը կլինի՞ մերը, թե՞ չի լինի՞»,- շեշտել է Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաև Արցախի հարցի կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական և արևմտյան տարբերակներին:

«Պաշտոնապես որևէ բան մենք չենք տեսել, որևէ փաստաթուղթ չենք տեսել, կարող ենք խոսել մամուլում հայտնված առաջարկների մասին: Ըստ դրանց, կա միացյալ Արևմուտքի կողմից առաջարկ, որն ուղիղ ասում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ ռուսական տարբերակն ասում է, որ Արցախի հարցը պետք է հետաձգվի, ստատուս-քվոն պահպանվի, հետագայում այս հարցը լուծվի: Ես այս պարագայում կողմնակից եմ, որ Արցախը գոնե մնա այս վիճակում, մինչև կունենանք հետագայում հնարավորություն Արցախի կարգավիճակը լուծելու»:

Տեսանյութեր

Լրահոս