
Լավ էլ կեղծում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները փոփոխվեցին: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «անճշտություններ» են եղել, իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, պարզապես ընտրությունները կեղծվել են:
Երբ այս թեման հայտնի դարձավ հանրությանը, իշխանամերձ որոշ շրջանակներ սկսեցին տարածել թեզ, թե «սրանք այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ ընտրություն կեղծել չեն կարողանում»: Արտաքուստ իբր քննադատության տակ իրականում իշխանությունների իմիջը փրկելու նպատակ կա այստեղ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, դա այդ շրջանակների ինքնագործունեությունը չէ, այլ կազմակերպված տեղեկատվական միջոց:
«Կլյուչեվոյ» միտքը «ընտրություն կեղծել չեն կարողանում»-ն է: Նպատակը հասկանալի է. Նիկոլ Փաշինյանը սիրում է հայտարարել, թե իրենց իշխանության օրոք Հայաստանում այլևս ընտրակեղծիքների էջը փակված է, թե իրենք անցկացնում են արդար ու թափանցիկ ընտրություններ, այնինչ հենց միայն ՔՊ-ի ներսում ընտրակեղծիքները կարող են հանրության շրջանում լուրջ կասկածներ առաջ բերել, որ թե՛ համապետական, թե՛, առավել ևս, ՏԻՄ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի օրոք էապես կեղծվել են: Պատահական չէ, որ սոցցանցերում օգտատերերը նշում են, որ եթե սեփական կուսակցության ներսում են կեղծիքներ թույլ տալիս, դժվար չէ պատկերացնել, թե ինչի են պատրաստ իրենց իշխանությունը պահելու համար:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը սարսափելի զայրացած է ներկուսակցական այս կեղծիքից, բայց, ըստ մեր աղբյուրների, ոչ թե նրա համար, որ ընտրակեղծիք են արել, այլ որ հնարավոր չի եղել դա «պարտակել» հանրությունից»: