FINTECH360 Երևան. Ֆինտեխ թրենդերն ու ոլորտի առաջատարները՝ մեկ հարկի տակ

Նորարարական տեխնոլոգիաների և ֆինանսական հատվածի թվային վերափոխման արդիական հարցերը մի քանի օր շարունակ կքննարկվեն FINTECH 360 միջազգային համաժողովի հարթակում:

FINTECH 360-ը նոյեմբերի 2-5-ը Երևանում մեկ հարկի տակ է հավաքել առաջատար բանկերի, ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության, ՏՏ ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների, ստարտափների և վերահսկող կազմակերպությունների ղեկավարներին:

Քննարկման շրջանակները ֆինտեխ թրենդերն են՝ անհպում վճարումներ, մարքեթփլեյսեր, բանկային էկոհամակարգեր, թվային արժույթներ և միջբանկային վճարումների, նեոբանկեր, Open Banking-ի, կանաչ ֆինտեխի զարգացում և այլն:

«Յունիբանկ» ԲԲԸ համահիմնադիր, խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջունի խոսքում նշեց.

Կարդացեք նաև

«Ձեզնից շատերն արդեն մասնակցել են մեր համաժողովներին, որոնք անցկացնում ենք վերջին 20 տարիներին, տարբեր երկրներում: Երկու անգամ մենք եղել ենք Հայաստանում:

Այս տարիների ընթացքում մենք փոխել ենք մեր համաժողովի անունը. այն առաջ «Ապագայի բանկեր» խորագիրն ուներ, բայց մենք բոլորս արդեն գրեթե դարձել ենք ապագայի բանկեր, այժմ պետք է մտածել՝ ինչպես կառուցել նոր ապագա ձեզ հետ միասին և այլ երկրների մեր գործընկերների հետ, որոնք այսօր այստեղ չեն:

2020 թ.-ին մենք համաժողովը վերանվանել ենք FINTECH 360`հաշվի առնելով ամբողջ աշխարհում ողջ ֆինանսական ծառայությունների թվայնացումը: Վերջին տարիներին ժամանակակից մարտահրավերները մեզ ցույց են տալիս, որ տեխնոլոգիաների նկատմամբ մեծանում է մեր հաճախորդների պահանջարկը, պահանջմունքների բազմազանությունը»:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նկատեց՝ թվային օրակարգը մեր երկրի առաջնահերթություններից է:

«Ֆինանսական ծառայությունների նոր դարաշրջանին մենք նայում ենք և՛ իբրև հնարավորությունների, և’ զգուշավորությամբ»,- հավելեց նա՝ ուշադրություն հրավիրելով կիբերանվտանգությանն առնչվող ռիսկերի վրա:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը կարևորեց ոլորտին առնչվող հարկային արտոնությունների, օրենսդրական նախաձեռնությունների, տարբեր ծրագրերի ստեղծման իրենց քաղաքականությունը՝ հիշեցնելով. «Մենք ունենք նաև տարբեր դրամաշնորհային նախագծեր, որոնք տրամադրում ենք տեխնոլոգիական հատվածին: Այս տարի ֆինտեխի ասպարեզում առնվազն 2 ստարտափ ստացել է դրամաշնորհներ. մենք աջակցում ենք արտադրանքի մշակման գործում»:

Բանկային գործընթացների ռոբոտացման, արհեստական ​​ինտելեկտի մասին իր ելույթում Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց՝ արհեստական ինտելեկտի ներդրումն ու կատարելագործումը բանկային ասպարեզի ամենահեռանկարային ուղղություններից է: Ինչո՞ւ հարցի պատասխանը, ըստ Հակոբյանի, ակնհայտ է:

«Արհեստական բանականության կիրառումը բանկին հնարավորություն է տալիս կրճատել ծախսերը և մեծացնել շահույթները»,- նշեց Յունիբանկի վարչության նախագահը՝ ուշադրություն հրավիրելով McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության հետազոտողների այն հաշվարկի վրա, ըստ որի, արհեստական բանականության շնորհիվ բանկերը կարող են աշխատել տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար ավելի:

Մեսրոպ Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ Յունիբանկն արդեն գնահատել է արհեստական բանականության առավելությունները կրեդիտային սքորինգի դեպքում՝ նկատելով, որ բանկն առաջիններից է Հայաստանում, որ մեքենայացրել է գրավով սպառողական վարկերի համար հայտերի քննարկումը:

168.am-ի հետ զրույցում արդեն Յունիբանկի վարչության նախագահն անդրադարձավ արհեստական բանականության կիրառմամբ մարդկային գործոնի նվազման շուրջ մտահոգություններին և հարցադրումին, թե ինչպե՞ս է Յունիբանկում համակշռվում այդ իրավիճակը, որպեսզի աշխատակիցները չտուժեն:

«Բանկում միշտ կա աշխատանք: Այսինքն՝ եթե ինչ-որ աշխատակից զբաղվում էր այդ վարկերի հաստատումով, այժմ այդ աշխատանքային ֆրոնտը չկա, որովհետև այն զբաղեցրեց արհեստական ինտելեկտը, այդ մարդը միանշանակ գործազուրկ չի մնա. կգտնի այլ ֆրոնտում աշխատանք, որովհետև բանկի հիմնական հարստությունը միայն գումարը չէ, այլ մարդիկ, այն արհեստավարժ մասնագետները:

Ինչքան էլ արհեստական բանականությունը զարգանա, բանկը, միևնույն է, պետք է ունենա մարդկային դեմք»,- մանրամասնեց նա:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ 2022 թվականի նոյեմբերի 2-5-ը Երևանում կանցկացվի FINTECH 360 միջազգային համաժողովը, որտեղ տարբեր երկրներից փորձագետներ կքննարկեն նորարարական տեխնոլոգիաները և ֆինանսական հատվածի թվային վերափոխման արդիական հարցերը։ Միջոցառումը մեկ հարթակի վրա կմիավորի առաջատար բանկերի և ֆինանսական հաստատությունների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերությունների, մասնագիտացված ասոցիացիաների, ստարտափների և վերահսկող կազմակերպությունների ղեկավարներին:

Համաժողովը կանցկացվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

«Ֆինտեխը չափազանց ինտենսիվ է զարգանում, ուստի մեզ համար կարևոր է տեղեկացված լինել հիմնական միտումներին և արդյունավետ աշխատել արագ փոփոխվող միջավայրում: Ֆինանսական ծառայությունների սպառողներին առաջարկելով նորարարական լուծումներ՝ մենք բարելավում ենք ոչ միայն բանկային սպասարկման մակարդակը, այլև մարդկանց կյանքի որակը։ Այդ իսկ պատճառով մենք այդքան շահագրգռված ենք FINTECH360 համաժողովով, որն ավանդաբար համախմբում է փորձագետների և գործարար համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակ՝ թույլ տալով թարմացնել նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների մասին գիտելիքները, փոխանակել փորձը և ձեռք բերել օգտակար շփումներ բիզնես միջավայրում: Ուրախ ենք հրավիրել մեր գործընկերներին մասնակցելու Երևանում կայանալիք համաժողովին. այն կլինի տեղեկատվական և օգտակար»,- մեկնաբանում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Մենք ուրախ ենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված FINTECH360 համաժողովն այս տարի կանցկացվի Երևանում։ Աշխարհը փոխվել է. հեռավար աշխատանքի ձևաչափն ազդել է սպառողների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների վարքագծի վրա, լայն տարածում են գտել վճարումների անշփում ձևերը, մոբայլ հավելվածների շնորհիվ դրամական փոխանցումներն ավելի արագ և հարմարավետ են դարձել։ Մենք ներդրում ենք ֆինտեխը բոլոր մակարդակներում և մեր աշխատակիցների և գործընկերների հետ քննարկելու համար կուտակել ենք բազմաթիվ թեմաներ։ Համեցեք, հետաքրքիր կլինի»,- հրավիրում է Յունիստրիմի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը։

Տեսանյութեր

Լրահոս