«Այն, որ ադրբեջանցիները ոչնչացնում, պղծում են բազմաթիվ հայկական հուշարձաններ՝ ունենք բազմաթիվ փաստեր». Լեռնիկ Հովհաննիսյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մեծ մասի օկուպացիայից հետո, այդ տարածքների պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև հայկական գերեզմանոցները ենթարկվեցին վանդալիզմի։

Այսօր արդեն արբանյակային նկարներից է պարզ դառնում, թե տվյալ տարածքների հուշարձաններն ինչ վիճակում են, եկեղեցիների մի մասն իսպառ ոչնչացվել է։

2022 թվականի օգոստոսի 25-ին, երբ Քաշաթաղի, Ներքին Սուսի ու Աղավնոյի բնակիչները բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրերից, Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ եղավ այդ վայրերից հանել հուշարձանները՝ օկուպացված տարածքներում եղած հուշարձանների ճակատագրին չարժանանալու համար։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ  Քաշաթաղից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանած հուշարձանների վերաբերյալ այսօր էլ քննարկումները շարունակվում են, քանի որ դրանք այսօր գտնվում են ժամանակավոր տարածքում, և պետք է լուծումներ գտնեն դրանք այս կամ այն վայրում տեղադրելու համար։

Կարդացեք նաև

«Պետնախարարի գլխավորությամբ նաև նիստ է եղել այս հարցը քննարկելու նպատակով, որտեղ որոշվել է՝ որևէ ձևով այդ հուշարձանները պետք է մնան Արցախի Հանրապետության տարածքում։ Նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաև Արցախի թեմի առաջնորդը,  որոշվել է, թե նախնական համապատասխանաբար որ տարածքներում պետք է տեղակայվեն այդ հուշարձանները։ Օրինակ, տարբեր առաջարկներ կան, որպեսզի ստեղծվի «Բերձորի պուրակ», սակայն պուրակը ստեղծելու համար բավականին ֆինանսական միջոցներ ու ժամանակ է անհրաժեշտ։ Բոլոր առաջարկները քննարկվում են, կարծում եմ՝ մոտակա ժամանակներս լուծումները կտրվի»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի օկուպացված տարածքների հուշարձանների ճակատագրին, Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ չգիտեն, թե կոնկրետ այս պահին քանի հուշարձան է իսպառ ոչնչացվել և քանիսն են մասամբ ավերվել։

«Մենք նման տվյալների չենք տիրապետում, այդ տարածքներում չենք կարողանում որևէ մոնիտորինգ իրականացնել թեկուզ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Միայն ունենք այն, որ տարբեր ծրագրերով երբ նայում ենք, տվյալ տարածքներում մենք տեսնում ենք, որ այս կամ այն եկեղեցին ոչնչացրել են, կամ էլ երբ ադրբեջանական կողմը սոցիալական ցանցերում ոչնչացված հուշարձաններից տեսանյութ կամ լուսանկար է հրապարակում։

Արցախի նախագահի հանձնարարականով ձևավորված պետական հանձնաժողովը, որը կոչվում է «Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության խորհուրդ»: Այն միջգերատեսչական խորհուրդ է, որի մեջ, բացի Արցախի համապատասխան կառույցներից, նաև Հայաստանից կան համապատասխան կառույցներից ներկայացուցիչներ։ Միասնական աշխատանք ենք կատարում, և այդ նյութերը հավաքագրվում են։ Օրերս էլ տեղի ունեցավ Շուշիի թանգարանների ցուցանմուշների ցանկերի ճշտման առաջին համապատասխան շնորհանդեսը։ Արդեն իսկ սկսվել է  Շուշիի Պատմության թանգարանի և Շուշիի պատկերասրահի ցուցանմուշների հավաքագրման և, համապատասխանաբար, նույնը ստեղծելու գործընթացը։ Հաջորդը լինելու է օկուպացված տարածքների  նյութական մշակութային ժառանգության մասին հուշարձանների ցանկերը»,- տեղեկացրեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ըստ նրա, հավաքագրվում են նաև հուշարձանների վանդալիզմի ու ոչնչացման վերաբերյալ տեսանյութերը, որոնք ադրբեջանցիները տարածել են համացանցում, և այդ գործին աջակցում են նաև դրսում ապրող հայերը, որոնց հասանելի են այնպիսի ցանցեր, որոնք Հայաստանում հասանելի չեն։

«Այն, որ ադրբեջանցիները ոչնչացնում, պղծում են բազմաթիվ հայկական հուշարձաններ՝ փաստ է, և դրա վերաբերյալ մենք ունենք բազմաթիվ փաստեր։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, ապա պետք է ասեմ, որ այն միջազգային կառույցները, որոնք կոչված են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգությունը պահպանելու,  կոնկրետ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԻԿՕՄՕՍ-ին, ԻԿՕՄ-ին  նամակով դիմել ենք, նրանք, բացի մի քանի հայտարարություններից, որևէ կոնկրետ գործնական քայլ չեն արել, որոնք կստիպեին Ադրբեջանին և մոնիտորինգ կիրականացնեին օկուպացված տարածքներում՝ հասկանալու, թե այդ տարածքներում ինչ է կատարվում։ Անկեղծ՝ չգիտեմ էլ՝ նման կոնկրետ քայլեր երբևէ կլինի՞, թե՞ ոչ»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս