«Չեմ կարծում՝ Խաչատուր Սուքիասյանն իմ հանդեպ հակակրանք ունի, քննադատություն է, որը բարեհաճորեն եմ տանում». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ կուսումնասիրի, կհասկանա, թե ինչի արդյունքում էր այսօր ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը քննադատում իրեն, քանի որ իր զեկույցում բազմաթիվ թվային հիմնավորումներ կային։

«Մեզ համար ամենակարևորը տնտեսության կառուցվածքային ձևափոխումն է, այնպես անել, որ հիմնականում մեր արդյունաբերական ընկերությունները դառնան ավելի բարձր արտադրողական, բազմիցս նշել եմ, որ մեր նախարարության գլխավոր բառն արտադրողականությունն է։ Նույնիսկ մեզ համար ավելի քիչ կարևոր է աճը, քան արտադրողականությունը, քանի որ արտադրողականությունը բերելու է աճի։ Դրա վերաբերյալ մեր գլխավոր ծրագիրը տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի շրջանակներում մենք ընկերություններին կոչ ենք անում ձեռք բերել նոր սարքավորումներ, հոսքագծեր, վարձել բարձրակարգ մասնագետներ, իսկ մենք սուբսիդավորենք ծախսերի մեծ մասը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։

Հարցին՝ Խաչատուր Սուքիասյանը հակակրանք ունի՞ իր հանդեպ, Վահան Քերոբյանը պատասխանեց.

«Չեմ կարծում՝ Խաչատուր Սուքիասյանն իմ հանդեպ հակակրանք ունի, կա քննադատություն, որը նորմալ է, ես կարող եմ ասել, որ մենք իր ընկերությունների հետ էլ ենք որոշակի առումով աշխատել, որոշակի ներդրումային աշխատանքներ իրականացրել։ Այդ առումով ես շատ հանգիստ եմ տանում քննադատությունները։ Քանի որ ես եկել եմ այնպիսի ոլորտից, որը հիմնականում զբաղվում է սպասարկմամբ, իսկ սպասարկող ընկերությունները քննադատությունները շատ բարեհաճորեն են ընդունում, քանի որ ըստ էության քննադատությունը համարում են իրենց զարգանալու միակ ու ամենակարևոր խթանը։ Մարդիկ դժգոհում են, դժգոհությունները վերացվում են, և ընկերությունները դառնում են ավելի լավ»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է կառավարության կողմից եկող տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին հայտարարություններին, որի հետ համաձայն չէ Կենտրոնական բանկը, Վահան Քերոբյանը նկատեց՝ պետք է նայել ԿԲ-ի կարծիքը տարվա սկզբից սկսած։

«Տարվա սկզբից իրենք գնահատում էին, որ կլինի չորս տոկոս, հետո՝ 6, հիմա ասում են՝ 13 տոկոս։ Տարվա սկզբին կառավարությունը մեկ թվի մասին էր խոսել, որ կապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ թիվը գերակատարվել է կրկնակի, որը մեր կարծիքով շատ ավելին է։ Մենք ասում ենք, որ հաջորդ տարի ապահովելու ենք 7 տոկոս տնտեսական աճ, մենք կանխատեսումներ չենք անում, այլ պլան ունենք»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս