
Աֆրիկայի երկրները գյուղատնտեսական պարարտանյութերի սուր պակաս են զգում. SABC

Արեւմտյան Աֆրիկայի երկրներում ընթացիկ տարում հացահատիկային մշակաբույսերի կորուստները կհասեն 20 միլիոն տոննայի կամ անցյալ տարի դրանց բերքի ծավալների 25 տոկոսին՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարարտանյութերի մատակարարումների ընդհատումների պատճառով: Այս մասին հաղորդել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) SABC ռադիոկայանը՝ վկայակոչելով Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության զեկույցը:
«Ուկրաինայի ներկայիս ճգնաժամն Արեւմտյան Աֆրիկայի երկրներում արդեն հասցրել է 1,2 – 1,5 միլիոն տոննայով պարարտանյութերի ներմուծման անկման,- ասված է զեկույցում:- Պարարատանյութերի պակասի հետեւանքով տեղի է ունենում բերքի, այդ թվում հացաբույսերի բերքի ծավալների կրճատում»:
Բարդ իրադրություն է առաջանում նաեւ Աֆրիկայի հարավի երկրների ագրարային հատվածում: Այսպես ՀԱՀ-ն ՌԴ-ից եւ Ուկրաինայից ավանդաբար ներմուծում է ազգային գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերի մինչեւ 80 տոկոսը, նշում է ռադիոկայանը:
Ընթացիկ տարում արեւմտյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից ՀԱՀ պարարատանյութերի մատակարարումներն էապես կրճատվել են: Դրա հետեւանքը, հարավաֆրիկացի մասնագետների խոսքով, կդառնա գյուղատնտեսական արտադրանքի ծավալների անկումն ընթացիկ ագրարային տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: