Ռոքսան Մաքասջյանը Կալիֆորնիայի Նահանգային խորհրդում կաշխատի որպես Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով փորձագետ

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը 9 առաջատար ակադեմիական փորձագետի և ակտիվիստի է նշանակել Նահանգային խորհրդում Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով աշխատելու համար: Այս մասին հայտնել է Կալիֆորնիայի նահանգապետի գրասենյակը:

Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով Նահանգային խորհրդում աշխատելու համար նշանակված անձանց թվում է նաև Ցեղասպանության կրթության (GenED) ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանը:

Ռոքսան Մաքասջյանի նշանակումը ողջունել և նշանակման առիթով նրան շնորհավորել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նահանգապետը նման որոշում է կայացրել հակասեմական հայտարարությունների աճի ֆոնին:

Նահանգային խորհրդում նշանակված փորձագետների և ակտիվիստների խնդիրն է լինելու ողջ Կալիֆորնիայում Հոլոքոստի և ցեղասպանության թեմայով կրթական աշխատանք իրականացնել, որպեսզի երիտասարդներն անհրաժեշտ գործիքներ ունենան խտրականության դրսևորումների անընդունելիությունը հասկանալու և դրանց պատշաճ արձագանքելու համար: «Մեր համայնքներից յուրաքանչյուրի վրա հարձակումը, հարձակում է բոլոր կալիֆորնիացիների վրա, և մեր նահանգը մի կողմ չի քաշվելու, երբ ատելության ուժերը բռնի ծայրահեղական ակտեր են հրահրում՝ վտանգի տակ դնելով կյանքեր»,- ասել է նահանգապետ Նյուսոմը:

Տեսանյութեր

Լրահոս