Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն հրաժարվել է բարձրաձայնել դրանց մասին։

Եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ այն հարցերը, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, շատ նուրբ ու զգայուն են։ «Ինչ վերաբերվում է հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել։ Կարելի է՞ դրանց մասին խոսել։ Այո, կարելի է, բայց պետք չէ, որովհետև, եթե դրանք դեռ կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի և հասարակության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզապես հանգիստ և փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերահապի ներկայացնել դրանք առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ նախադրյալներ կան, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորման ճանապարհը գտնվել է։

«Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան կարևորագույն հարցն է։ Մենք այսօր, բնականաբար, դրա մասին շատ ենք խոսել, և կան որոշակի նախադրյալներ, որ ճանապարհն ընդհանուր առմամբ գտնվել է։ Եթե դուք ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ․․․դե, իհարկե, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են լինել»,- նշել է ՌԴ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս