Բաժիններ՝

Նկարիչների միությունում նախագահ կընտրեն. առայժմ կա մեկ թեկնածու

Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 20-րդ համագումարը: Համագումարի օրակարգում ընդգրկված են  միության նախագահի և վարչության անդամների ընտրությունները։

«Մեր թիմը, ի դեմս իմ թեկնածության, կրկին ցանկություն է հայտնել առաջադրվելու։ Այս 4 տարիների ընթացքում մենք աշխատել ենք մեր բոլորիս երազած միությունը տեսնելու գործուն քայլերի ուղությամբ։ Դեռ շատ աշխատանք կա անելու, վերընտրվելու դեպքում, նորից պատրաստ ենք ի գործ տրվելու մի կառույցի, որը ստեղծվել է մեր հայ երևելիների կողմից, և մենք պարտավոր ենք պահել-պահպանել այն հիմնարար արժեքները, որոնք իրենք փոխանցել են մեզ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը:

168.am-ի հետ զրույցում հարցին, թե այս 4 տարիների ընթացքում ի՞նչ խնդիրների են բախվել, որոնք միությունն իր ուժերով չի կարողացել լուծել՝ Սուրեն Սաֆարյանը պատասխանեց. «Մենք, պարզապես, մեր առջև դրել ենք՝ առաջիկայում լուծել ցուցասրահի ներսի հարդարման խնդիրները. ունենք լուսավորության, օդափոխության, հատակի խնդիր: Պլանավորում ենք ունենալ միջազգային նորմերին համապատասխան ցուցասրահներ, քանի որ ծրագրում ենք կազմակերպել միջազգային տարբեր ցուցահանդեսներ: Կան նաև կերպարվեստագետների մասին օրենքի, ստաժի  բժշկական ապահովագրության, ինչպես նաև արվեստանոցների հատկացման, կարգավիճակի՝ դրույքաչափի հետ կապված հարցեր: Կարևոր է նաև հեղինակային իրավունքի պահպանման խնդիրը: Օրինակ, ստաժի հետ կապված՝ նշեմ, որ սովետական շրջանում, եթե դառնում էիր Նկարիչների միության անդամ, այն ստաժ էր համարվում, իսկ Անկախությունից հետո այդպես չէ, ինչը շատ ցավալի է: Մենք ունեինք պայմանավորվածություններ, հանդիպումներ ունեցել էինք թե՛ ԱԺ-ում, թե՛ ԿԳՄՍ նախարարությունում, թե՛ Կառավարությունում, սակայն կորոնավիրուսի համավարակը, արցախյան 44-օրյա պատերազմն  ընդհատեցին այդ գործընթացը, բայց այժմ պետք է վերսկսենք»:

Ինչ վերաբերում է երազած միությունը տեսնելուն՝ Սուրեն Սաֆարյանը նշեց. «Մեր երազանքները միտված են նկարչին, նրա բարօրությանը, արվեստի զարգացմանը, հանրահռչակմանը»:

Կարդացեք նաև

Նկարիչների միության նախագահը հավելեց նաև, որ   միությունն ունի 1200-ից ավելի անդամ:

Հավելենք, որ համագումարը տեղի կունենա  նոյեմբերի 12-ին, ժամը  09։30-ին, Կինոյի տանը:

Տեսանյութեր

Լրահոս