Բաժիններ՝

Հայաստանում կան և՛ հարկադիր աշխատանքի, և՛ սեռական շահագործման դեպքեր. Քրիստինա Հովհաննիսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ձևերի, դրանց վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին հանրության իրազեկվածության խնդիրը որոշակիորեն բարդացել է հետկովիդային շրջանում` առցանց դաշտի ընդլայնման և հանցագործների կողմից դրա ակտիվ կիրառման պատճառով, պահանջելով վերանայված մոտեցումներ իրազեկման ձևերի ու թիրախային խմբերին հասանելիություն ապահովելու առումով: Կորոնավիրուսային սահմանափակումների և 44-օրյա պատերազմի` հանրության սոցիալական վիճակի վրա ունեցած բացասական հետևանքների արդյունքում ծավալային ու տեսակային առումով փոփոխության է ենթարկվել նաև խոցելի խմբերի կազմը:

ՀՀ ԱՍՀՆ hավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ կա թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին գործող օրենք Հայաստանի Հանրապետությունում, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Եղել է նաև գործողությունների ազգային ծրագիր մշակելու դրույթ, և այս պահին առկա ընթացիկ ծրագիրը 2020-2022թթ. համար էր նախատեսված, և քանի որ գործողությունների ծրագիրն ավարտվում է, տրամաբանական է, որ պետք է լինի նորը:

«Թրաֆիքինգը և շահագործումը տարբեր են: Դա և՛ սեռական շահագործումն է, և՛ հյուսվածքներ, օրգաններ կորզելը, և՛ հարկադիր աշխատանքը: Անցած տարի որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ՝ նույնականացվել է 30-ից ավելի անձ, այս տարի՝ 3: Ընդ որում՝ ունենք և՛ մինչև 18 տարեկան երեխա, և չափահաս անձինք»,- ասաց Քրիստինա Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նախարարությունը հիմնականում կենտրոնացած է զոհերին աջակցելու ուղղությամբ, իսկ իրավապահ գործընկերները գործառույթներն իրականացնում են թրաֆիքինգի ենթարկվող անձանց մասով:

Կարդացեք նաև

ՀՀ ԱՍՀՆ hավասար հնարավորությունների ապահովման վարչության պետի փոխանցմամբ՝ կան սեռական շահագործման դեպքեր՝ կանանց ներգրավվածությամբ: Նա հստակ ասել է, որ շատ դեպքեր կան թե Երևանում, թե մարզերում, դժվար է:

«Թրաֆիքինգը, ցավոք, բազմաշերտ է, ու մարդիկ կարող են ենթարկվել թրաֆիքինգի և շահագործման՝ անկախ կրթության աստիճանից, սեռից: Ժամանակին ավելի շատ եղել է անդրազգային թրաֆիքինգը, այսինքն, Հայաստանից դուրս թրաֆիքինգը, իսկ այս պահին, ցավոք, ավելացել են ներպետական թրաֆիքինգի երևույթները, սակայն սա կապում եմ՝ ոչ թե ավելանալու, այլ՝ պետական մարմինների աշխատանքի բարելավման հետ, այսինքն, բացահայտելիությունն է մեծացել, մարդիկ գիտեն՝ ուր դիմեն: Նրանք արդեն պատկերացնում են, որ այն, ինչ իրենց հետ կատարվում է՝ թրաֆիքինգ և շահագործում է և տեղ ունեն դիմելու: Որպես զոհերի հետ աշխատող լիազոր մարմին՝ մենք ունենք գործընկեր կազմակերպություն, որը նախարարության ֆինանսավորմամբ ծառայություններ է մատուցում թրաֆիքինգի զոհերին, ռիսկի խմբի անձանց, ովքեր կասկած ունեն կամ մտածում են, որ կարող է իրենք թրաֆիքինգի և շահագործման են ենթարկվում»,- մանրամասնեց Քրիստինա Հովհաննիսյանը:

ՀՀ ԱՍՀՆ hավասար հնարավորությունների ապահովման վարչության պետն ընդգծեց՝ Հայաստանում կան և՛ հարկադիր աշխատանքի, և՛ սեռական շահագործման դեպքեր:

Հավելենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշված է նաև, որ 2021 թվականի ընթացքում նույնացվել է 31 զոհ, որոնցից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը` աշխատանքային: Նույնացված զոհերից 8-ը եղել է երեխա: 2022թ.-ին հարուցված և փոխանցված քրեական գործերով տուժող են ճանաչվել 3 անձ` սեռական շահագործման, և 11 անձ` աշխատանքային շահագործման կապակցությամբ:

Ըստ ՀՀ դատախազության, 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարդկանց շահագործման վերաբերյալ հարուցվել է 4 քրեական գործ սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վերսկսվել է 2007 թվականին կասեցված սեռական շահագործման 1 քրեական գործ` 1 անձի վերաբերյալ, և 2013 թվականին կասեցված աշխատանքային շահագործման 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ:

2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանությունն արձանագրել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման չորս դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերից 3-ը՝ աշխատանքային, իսկ 1-ը՝ սեռական շահագործման դեպքեր են:

Ակնկալվում է, որ 2023-2025թթ.-ի ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս