Գրականագետ Կարո Վարդանյանը նախաձեռնել է Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»-ի վերահրատարակումը
Եթե ուզում ես հայրենազրկված պապերիդ կարոտն ու կսկիծը զգալ կաշվիդ վրա՝ պարտադիր չէ դրա համար 21-րդ դարում նորից հայրենազրկվել ու դառնալ գաղթական: Հարկավոր է ընդամենը կարդալ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»-ը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնում գրականագետ Կարո Վարդանյանը, որն էլ նախաձեռնել է «Խոդեդան»-ի նոր վերահրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ «Բուկինիստ» գրախանութում։
Գրականագետն ընդգծում է՝ սա այն բացառիկ դեպքերից է, երբ գիրքը հրատարակվում է ընթերցողի պահանջով:
«Դեռ տարեսկզբին մեր առաջատար հրատարակիչներից մեկը վերահրատարակեց Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքը՝ իմ առաջաբանով: Դաշտենցի դուստրը՝ Անահիտ Դաշտենցն էր հրատարակչին խորհուրդ տվել առաջաբանի համար դիմել ինձ, քանի որ երկու տասնամյակ առաջ Դաշտենցին նվիրված մենագրություն էի լույս ընծայել: Երբ «Ռանչպարների կանչի» այդ վերահրատարակության մասին ծանուցում տեղադրեցի իմ էջում՝ սկսվեց խանդավառ արձագանքների մի իսկական տեղատարափ, որոնց մեջ քիչ չէին ընթերցողների հարցումները, թե «Խոդեդան»-ին երբ ենք անդրադառնալու. չէ՞ որ այդ վեպի վերջին հրատարակությունից անցել է ավելի քան վաթսուն տարի»,-պատմեց Վարդանյանը:
«Խոդեդան» առաջին անգամ լույս է տեսել դեռ անհատի պաշտամունքի տարիներին՝ 1950 թվականին՝ որպես փոքրածավալ մի վիպակ: Վարդանյանի խոսքով՝ դա այնպիսի մի իրադարձություն դարձավ, այնպիսի խանդավառություն առաջացրեց Հայաստանում ու Սփյուռքում, հատկապես երբ վիպակի հերոսներից շատերը դեռ ողջ էին, որ Դաշտենցը հետագայում վերամշակում, համալրում է տասնյակ նոր բաժիններով եւ 1956-ին լույս ընծայում որպես ծավալուն վեպ, իսկ 1960-ին լույս է տեսնում վերջին տարբերակը՝ համալրված եւս 17 բաժնով:
«Ահա ընթերցողների այդ հարցումներն էլ հուշեցին ինձ խորհրդակցել իմ վաղեմի բարեկամ, «Բուկինիստ» հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ, ով սիրով պատրաստակամություն հայտնեց վերահրատարակել այն»,-ասաց Կարո Վարդանյանը՝ հավելելով՝ մնում էր միայն ստանալ Անահիտ Դաշտենցի համաձայնությունը, ինչը չուշացավ:
«Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է շուրջ վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) եւ նրա բախտակից համերկրացիների: Արեւմտահայ շինականներին վիճակված էր անցնելու արյունով ու արհավիրքներով լի մի ճանապարհ, որն ավարտվում է Արեւելյան Հայաստանում: Նրանք վերջնական հանգրվան են գտնում Արագածի լանջերին՝ դարավոր թշնամուն թողնելով իրենց պապերի երկիրը, «ուր հազարամյա պատմություն ունի ամեն մի քար, ծառ, ծաղիկ»՝ վիրավոր սրտերում անթեղելով այդ երկրի կորստյան կսկիծը. «Ա՜խ, երկիր. շաքար էր՝ շան բերան մնաց»:
Գրականագետն ընդգծում է՝ մեր օրերում հողի, հայրենիքի զգացողությունը աղետալիորեն թուլացել է հայ մարդու մեջ, այս տեսակի ու որակի գրականությունը հետեւողականորեն դուրս է մղվում դասագրքերից ու ուսումնական ձեռնարկներից, այնինչ «Խոդեդան»-ով ու «Ռանչպարների կանչ»-ով դաստիարակված սերունդն էր, որ 1990-ականների սկզբներին ազատագրեց Արցախը:
«Մի առիթով գրել եմ, որ մեր հողը հոգնել է մեզանից, ուզում է փախչել մեր ոտքի տակից: Այն պահելու համար վերջը հարկադրված ենք լինելու դիմել Զորավար Անդրանիկին ու նրա հերոսական սերնդին, ինչպես էպոսում Փոքր Մհերն էր դիմում իր հորը՝ հանգուցյալ Դավթին, երբ իր ոտքերի տակ հայրենի հողը չէր դիմանում: Իսկ Անդրանիկին ու նրա զինակիցներին առաջին անգամ Խաչիկ Դաշտենցը իր վեպերով բերեց խորհրդահայ գրականություն»,-նշեց Վարդանյանը՝ շեշտելով՝ Խաչիկ Դաշտենցը, Հրաչյա Քոչարը, Մուշեղ Գալշոյանը, Գևորգ Հակոբյանը, Ստեփան Ալաջաջյանը, Մկրտիչ Խերանյանն ու այլք կօգնեն նոր սերնդին՝ վերարժեւորել մեզ որպես հայրենիք մնացած փոքրիկ հողակտորը եւ քամահրանքով չվերաբերվել նրան:
Այս վեպի իշխող մոտիվը՝ հայրենասիրությունը, ցայտուն կերպով արծարծված է Դաշտենցի բոլոր ստեղծագործություններում, նույնիսկ 1930-ականներին լույս տեսած բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուներում:
«Իսկ այդ թվականներին, ինչպես գիտեք, մեր գրականությունը բոլորովին այլ բանով էր զբաղված: Այո, Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունը թեմատիկ առումով կուռ է ու համահավաք: Նրա թեման հայրենիքն է ու հայրենականը, իսկ հերոսը՝ հայրենասեր հայորդին: Այդ հերոսը եթե սիրում է՝ սիրում է հայրենիքը, եթե մարտնչում է՝ մարտնչում է հանուն հայրենիքի, եթե երազում է՝ երազում է թշնամիներից մաքրված հզոր հայրենիք, եթե սովորում է՝ սովորում է նախնյաց ավանդները եւ այլն։ «Խոդեդանն» այս ամենի թանձրացումն է»,-եզրափակեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:
Լիանա Սարգսյան