«Չեմ բացառում, որ Նիկոլը խաբի և՛ Մոսկվային, և՛ Արևմուտքին, իսկ պլստալու համար ի՞նչ է պետք՝ Ալիևի հետ պատերազմ բարիշել». Շարմազանով
«Եթե մենք պատրաստ ենք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում ու ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ կոնկրետ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, ո՞վ պետք է գա մեզ փրկի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին ռուսական «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին և կարգավորման վաշինգտոնյան ու մոսկովյան տարբերակների մասին նրա դիտարկումներին:
Շարմազանովը նախ ասաց, որ այդ ելույթի լսարանն առաջին հերթին հայ ժողովուրդն էր, Հայաստանի և Արցախի քաղաքացիներն էին:
Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնության նախագահը փաստորեն գաղտնազերծեց՝ ինչ ասել է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի, Վաշինգտոնի պլան ասվածը, որ դա փաստացի Արցախի հանձնում է Ադրբեջանին և փաստացի Վաշինգտոնի պլանը, այն, ինչ այսօր մեզ առաջարկում է ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու Արևմուտքը՝ հավաքական, դա մեր 30-ամյա երազանքների, նպատակների ջարդում է, կոտրում է և աղբարկղ ուղարկել է նշանակում:
«Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արևմուտքի միջնորդությամբ մի փաստաթուղթ, որն Արցախի հանձնման փաստաթուղթ է, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու փաստաթուղթ է, դա սրբապղծություն է Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, բոլոր մեր հայորդիների, Եռաբլուրի հանդեպ:
Իսկ ինչ վերաբերում է նրա գնահատականներին, որ պետք է հայ ժողովուրդը որոշի, իհարկե, պետք է Արցախը որոշի, հայ ժողովուրդը որոշի, Արցախի հայ քաղաքացիները պետք է իրենց քաղաքական գնահատականը հնչեցնեն: Սա է փաստը: Ռուսը չի կարող ավելի հայ լինել, քան հայը: Եթե մենք պատրաստ ենք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում ու ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ կոնկրետ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմ, ո՞վ պետք է գա մեզ փրկի: Մենք մեր ձեռքով ասում ենք, որ դառնում ենք Ադրբեջանի կամակատարը»,- ասաց Շարմազանովը:
Իսկ ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, ապա, ըստ քաղաքական գործչի, ակնհայտ է, որ կա երկու տարբերակ:
«Տարբերակներից երկրորդում, առնվազն իմ ներքին ու բաց շփումները ռուս գործընկերների հետ կարող եմ գաղտնազերծել, որ իրենք հստակ նշում են, որ ռուսական տարբերակով Արցախի կարգավիճակի էջը չի փակվում, Արցախը չի լինում Ադրբեջանի կազմում, Արցախը մնում է ռուս խաղաղապահների ներքո, իսկ կարգավիճակի հարցը քննարկվելու է ապագայում: Այսինքն՝ ռուսական տարբերակում չկա, որ Արցախը լինելու է Ադրբեջանի մաս, այն, ինչ կա Վաշինգտոնի տարբերակում, այն, ինչ քննարկում է Նիկոլը»,- հստակեցրեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, արդյո՞ք սա է մեր երազանքների տարբերակը, իհարկե ոչ, մեր երազանքների տարբերակն Արցախի անկախ լինելն է, ինքնորոշման իրավունքի իրացումը փաթեթային տարբերակով:
«Բայց Նիկոլ Փաշինյանն իր հանցագործ, հակապետական, հակահայկական արտաքին խայտառակ քաղաքականության արդյունքում մեզ հասցրել է վատի ու վատթարագույնի ընտրության մեջ, այսինքն՝ կործանման և գոյատևման: Եթե պետք է կործանումն ընտրենք, ի՞նչ ասեմ»,- ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ դժվար է ասել, թե երկուշաբթի օրն ինչ տեղի կունենա Սոչիում, որովհետև անշնորհակալ գործ է նիկոլական ռեժիմի դեպքում հաշվարկել քայլերը: ՀՀԿ ԳՄ անդամ Շարմազանովն ասաց, որ նրանք ապացուցել են, որ ամեն ինչ անում են՝ հակապետական շահերից ելնելով:
«Կարող է հիմա էլ պայմանավորված պատերազմ բռնի Ալիևի հետ: Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆիզիկական գոյությունը, անվտանգությունը կամ խոստումներից խույս տալու համար խաբի և նրանց, և նրանց, իսկ խաբելու տարբերակը ո՞րն է: Ինքը շատ լավ հասկանում է, եթե խաբի ռուսներին՝ պատժելու են ռուսները, եթե խաբի Արևմուտքին՝ պատժելու է Արևմուտքը, հետևաբար, որպեսզի չխաբի ո՛չ ռուսներին, ո՛չ Արևմուտքին, պլստա, ըստ իր գավառային տրամաբանության, եթե դա այդպես կարելի է անվանել, փորձելու է ոչ նա ստորագրի, ոչ նա ստորագրի, դրա համար ի՞նչ է պետք՝ Ալիևի հետ պատերազմ են բարիշում, պատերազմական գործողություններով անում են այն, ինչ արեցին 44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 19-ից հետո, և գալիս ասում է՝ դե, ժողովուրդ ջան, ինչ անեմ, դե գրավեցին, էն ժամանակ էլ ինչ դեմ կտան՝ դա էլ կստորագրի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում