Իշխանությունների համար ՀԱՊԿ-ի թեման այն գլխավոր շարժիչ ուժն է, որը պետք է բերի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության. Տիգրան Աբրահամյան

«Իշխող ուժի տարբեր հայտարարություններն ըստ էության ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ, քան նախատեսված է պայմանական ռուսական սցենարով»,- այս մասին այսօր ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Պատասխանելով 168.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեի ելույթին «Վալդայ» ակումբում՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց թվիթերյան գրառմամբ, նշելով, որ դեմ չէ ռուսաստանյան առաջարկներին և դրանք ընդունել է դեռ սեպտեմբեր ամսին ու Սոչիում պատրաստ է դրանք քննարկել այն դեպքում, երբ օրերս ԱԺ-ում նշում էր, թե հարցեր կան հղելու այդ ձևաչափի շրջանակում, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ շատ դժվար է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն առումով, որ շատ դեպքերում, նվազագույնը վերջին 4-4,5 տարիները դա ցույց են տվել, որ իշխանությունը, առանձին դեմքերն ասում են մեկ բան, անում են՝ ճիշտ հակառակը, և զուտ նրա հայտարարություններից դժվար է ասել, թե Հայաստանը որ ճանապարհով կգնա:

Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի քաղաքական էլիտայի այսօրվա, իշխող ուժի տարբեր հայտարարություններն ըստ էության ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ, քան նախատեսված է պայմանական ռուսական սցենարով, որովհետև հայտարարությունները բանակցային գործընթացում նշաձող իջեցնելու, Արցախն Ադրբեջանի կազմում ապագա տեսնելու, Արցախը պաշտպանելու ռեսուրս չունենալու մասին ըստ էության ցույց են տալիս, որ Հայաստանի այս իշխանություններն արդեն իսկ հրաժարվել են ոչ միայն Արցախի ճակատագրի հետ կապված քննարկումից, այլև այդ ձերբազատումը բերել է նրան, որ իրականության մեջ Հայաստանը սցենարային առումով համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցում կամ, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այդ թվում՝ Արցախի:

«Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանց առաջնային նպատակն է հնարավորինս արագ ձերբազատվել Արցախի հարցից և լավագույն դեպքում բավարարվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ»,- նկատեց պատգամավորը:

Նրա տպավորությամբ՝ ՌԴ նախագահն իրականում տիրապետում է այն իրական զարգացումներին և այն ուղղվածությանը, որով այս իշխանությունը շարժվում է:

«Ես կարծում եմ, որ նրա հայտարարություններն ուղղված էին հայերին ու հայ ժողովրդին՝ գիտակցելու իրավիճակի լրջությունը, վտանգավորությունը, ստեղծված իրադրության պայմաններում ՌԴ դիրքորոշմանն ու պատրաստակամությանը: Բայց փաստացի ամրագրումն այն էր, որ Հայաստանի իշխանությունները գնում են մի ճանապարհով, որը և Հայաստանի, և Արցախի շահերը տրորում է և չի բխում հայ ժողովրդի շահերից»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շուրջ գեներացվող իշխանական դիսկուրսին՝ Աբրահամյանն ասաց, որ ՀՀ այս իշխանությունների դեպքում ՀԱՊԿ-ի թեման գլխավոր շարժիչ ուժն է, որը պետք է բերի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը, և Հայաստանի իշխանության տարբեր դեմքերի հայտարարությունները պետք է դիտել այդ տեսանկյունից:

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հարցի վրա, որ ՀՀ իշխանություններն ասում են, որ ոչ թե ՀՀ-ն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը ՀՀ-ից, որը դիվանագիտական ձևակերպում է:

«Հարցն այն է, որ ՀՀ-ում իշխանության են եկել ուժեր, մարդիկ, որոնց նպատակը մի մասով իրագործվել է, դա Արցախի 75%-ի հանձնումն էր՝ հետագայում ամբողջական հանձնումն ու դրա իրավական ամրագրումը, որովհետև դրանք այն նույն մարդիկ էին, որ հասարակության մեջ սերմանում էին այն միտքը, որ Արցախը բեռ է, Արցախը խնդիր է, Արցախի հանձնումը բերելու է Հայաստանի բարելավմանը, սակայն ժամանակն արագ ցույց տվեց, որ Հայաստանի դժբախտությունների պատճառն Արցախը չէր»,- ասաց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս