Սիլիկոնային օազիսի հետ համագործակցությամբ ՏՏ ոլորտի հայկական ընկերություններ մասնաճյուղեր կբացեն Դուբայում
Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը, որը Հայաստան է եկել «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ի հրավերով, նախատեսում է համագորակցել հայկական ստարտափ ընկերությունների հետ։
Այս մասին Հանս Հենրիկ Քրիստենսենն ասաց հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ համագործակցությունների արդյունքում կաջակցեն հայկական ստարտափներին, Դուբայում հայկական ՏՏ ընկերությունների մասնաճյուղեր կբացվեն, հայ ծրագրավորողները Դուբայում աշխատելու հնարավորություն կունենան։
«Ակնհայտ է, որ համագործակցության մեծ հնարավորություններ կան, արդեն համատեղ աշխատանքներ տարվում են։ Դուբայը ՏՏ ոլորտում արտապատվիրման (աութսորսինգ) կարիք ունի։ Դուբայի կառավարությունը նպատակ ունի 1 միլիոն ՏՏ ծրագրավորող ունենալ։ Մենք շահագրրգռված ենք, որ հայկական ՏՏ կազմակերպությունները բացվեն նաև Դուբայում։ Խոսքը ոչ թե ռելոկացիայի, այլ նոր մասնաճյուղերի բացման մասին է։ Մենք կարևորում ենք նաև, որ Դուբայի ՏՏ կազմակերպությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում։ Իմ այցով նպատակ ունեի հասկանալ թե ինչպես է Հայաստանի մշակույթն ու ՏՏ էկոհամակարգը գործում և զարգանում»,- նշեց Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրենը։
«Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Քրիստենսենի հետ հանդիպել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԲՏԱ նախարարության ղեկավարության հետ, այցելել են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հանդիպում են ունեցել ISTC հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարակատիրությունների, ՏՀՏ գործատուների միությունների հետ։
«Առաջիկայում «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի և Դուբայի Սիլիկոնային օազիսի միջև համագործակցության հուշագիր կկնքվի։ Դուբայի Սիլիկոնային օազիսի ծրագրերը նախատեսվում են իրականացնել ՀԿ-ի միջոցով»,- նշեց Գրիգորյանը։
Դուբայի Սիլիկոնային օազիսի գլխավոր տնօրենը նշեց, որ «Բլոքսենթրո» կազմակերպության հետ կնքել են համագործակցության հուշագիր՝ ստեղծելու աշխարհում բլոկչեյնի առաջին էկոհամակարգը։
«Բլոքսենթրո» կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Վարդանյանն ընդգծեց, որ տոկենիզացումն ու բլոկչեյնը նոր հնարավորություններ կտան Հայաստանին։ Նրա խոսքով՝ սահմաններն արդեն դերակատարում չեն ունենա միջոցների ներգրավման հարցում։ Հայաստանը կունենա էկոնոմիկա առանց սահմանների: