Ազատ ոճային ըմբիշներն ամփոփեցին Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքները
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն ու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեցին Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
«Մեր մարզիկներին չբավարարեց փորձը, նույնիսկ մեդալակիրների գոտեմարտերում կային թերություններ: Նրանք դեռ շատ աշխատանք ունեն: Հաջորդ տարին օլիմպիական վարկանիշային մրցաշարերի սկիզբն է, ժամանակի հետ կտեսնենք, թե ովքեր Փարիզի խաղերի վարկանիշ կնվաճեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ մասնագետի` մարզիկների համար դժվար չի եղել աշխարհի մեծահասակների առաջնությունից հետո Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցելը:
Հայաստանի հավաքականի անդամ, Մ23 տարեկանների կրկնակի ոսկե մեդալակիր
Արսեն Հարությունյանի կարծիքով` աշխարհի առաջնությունում հեշտ գոտեմարտեր չեն եղել: «Դժվարություններ միշտ ենք ունենում: Ինձ հաջողվեց լավ և ճիշտ գոտեմարտեր վարել: Ուսումնամարզական հավաքները տվեցին իրենց արդյունքը: Այստեղ մեծ դեր ունի նաև մարզիչների աշխատանքը»,-ասաց նա:
Ընտրանու անդամ Արման Ավագյանն էլ ընդգծեց, որ ի սկզբանե նպատակը ոսկե մեդալն է եղել: «Պարտություն կրեցի հենց մեկնարկում, սակայն հետագայում հավաքեցի ինձ և կարողացա բրոնզե մեդալ նվաճել: Մի քիչ տեխնիկական բացեր կային, որոնք հետագայում կշտկենք մարզիչների հետ աշխատանքի ընթացքում»,-ասաց մարզիկը:
Օլիմպիական խաղերի մասնակից, Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանն էլ ասաց. «Ունեցել եմ հինգ գոտեմարտ, որոնցից յուրաքանչյուրը լարված ու դժվար էին: Եզրափակիչում ուժերս վերականգնել էի և կարողացա հաղթել: Սակայն ինձ համար առանձնացրել եմ կիսաեզրափակիչը, քանի որ միավորներ կորցրեցի»:
Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և բրոնզե մեդալ նվաճեց Արման Ավագյանը:
Ազատ ոճայինները ընթացիկ տարվա դեկտեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը, որի արդյունքում էլ կձևավորվի նոր հավաքական: