Բաժիններ՝

Վահրամ Դումանյանը հյուրընկալել է ըմբշամարտի աշխարհի և բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 25-ին նախարարությունում հյուրընկալեց ըմբշամարտի՝ աշխարհի մինչև 23 տարեկանների և բռնցքամարտի՝ Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց նրանց և վստահեցրեց, որ հնարավորության սահմաններում կարվի ամենը՝ վերջիններիս աջակցելու նպատակով:

«Ուրախությամբ և հպարտությամբ ենք ձեզ ընդունում: Շնորհակալ ենք ձեզ, մարզիչներին: Հույս ունենք և նաև վստահ ենք, որ հաղթանակների շարքը կշարունակվի մինչև օլիմպիական բարձունքներ: Այսօր ձեր հաղթանակները ոգևորիչ են, և դրանք պետք է բոլոր ուղղություններով շարունակական լինեն»,-ասաց նախարարը:

Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ վերջին տարիներին մաքսիմալ թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին` 222 մեդալ, երեկվա դրությամբ ունենք արդեն 285 մեդալ, որից 100-ը` ոսկե, և դա մարզիկների և մարզիչների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ առաջին անգամ պատմության մեջ բռնցքամարտից կանանց եվրոպայի չեմպիոն ունենք: «Մեր մարզիկը հրաշալի ելույթ ունեցավ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Մ-23 տարեկանների ըմբշամարտի առաջնությանը, Կարեն Գիլոյանը շեշտեց, որ մարզիկները ֆանտաստիկ գոտեմարտ արեցին: Փոխնախարարի խոսքով՝ մինչև 23 տարեկանները հենց նրանք են. որոնցից մեկ ու կես տարի հետո Փարիզում պիտի մեր հավաքականի կորիզը կազմվի: Տղաներից սպասելիքները շատ մեծ են»,-ընդգծեց Գիլոյանը, հավելելով, որ կամքը կա, կառավարության ֆինանսավորումն էլ, կարծես, թե բոլոր առումներով բավարարում է:

«Վստահ եմ, որ ապագայում հաղթանակներն ավելի ծանրակշիռ են լինելու»,-ասաց Գիլոյանը:

Մարզիկները շնորհակալություն հայտնեցին նախարարին ջերմ ընդունելության, ինչպես նաև մարզիչներին` իրենց բարձր պատրաստվածությունն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս