Հայ և ռուս փորձագետները Երևանում քննարկեցին ԵԱՏՄ զարգացման հեռանկարային ուղղությունները

Հայ և ռուս փորձագետներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաներ հոկտեմբերի 19-ին հավաքվել են կլոր սեղանի շուրջ` քննարկելու ԵԱՏՄ զարգացման հեռանկարային ուղղությունները նոր պայմաններում և երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ նրանց արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն իր ելույթում ընդգծեց, որ մեր տարածաշրջանում հստակ երևում է հարևան երկրների շահագրգռվածությունը Ռուսաստանի և մեր ինտեգրացիոն տարածքի այլ երկրների հետ բազմակողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ։ «Սա նաև վստահություն է ներշնչում, որ մեր երկրների քաղաքական գործիչները, հիմնվելով գիտական և փորձագիտական հանրության լավագույն փորձի վրա, կգտնեն զարգացման նոր բանաձևեր, և ԵԱՏՄ-ի ներուժը շատ ավելի մեծ չափով կբացահայտվի»,-ասաց նա:

Սաֆարյանը ուրախությամբ արձանագրեց, որ կլոր սեղանը տեղի է ունենում Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախօրեին։ «Հուսով ենք, որ այս հանդիպումը լիակատար հաջողություն կունենա և կնպաստի հետխորհրդային տարածքում ինտեգրման զարգացմանն ու խորացմանը»,-նշեց նա:

Ռուս տնտեսագետ Տիմոֆեյ Բորդաչյովի խոսքով` Եվրոպայում ռազմաքաղաքական ճգնաժամը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմն ուղղակիորեն ազդում են Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների ողջ կոնֆիգուրացիայի վրա։ «Ռուսաստանի դերը՝ որպես պարենային անվտանգության երաշխավորի, առանձնահատուկ նշանակություն ունի ժամանակակից համաշխարհային միտումների համատեքստում»,-ասաց նա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Գոհար Բարսեղյանն էլ հավելեց, որ մարտահրավերները, որոնց բախվել է աշխարհը վերջերս, շատ նշանակալից են և ազդում են տարբեր ասպեկտների, առաջին հերթին՝ համաշխարհային տնտեսության միտումների անորոշության վրա։

«Բարձր տեխնոլոգիական և նորարարական եվրասիական տարածքի ձևավորման և քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ ապահովելու համար ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշել են Միության հետագա զարգացման վեկտորը՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունելով ռազմավարական ուղղություններ: Լինելով ռազմավարական պլանավորման առանցքային փաստաթուղթ՝ ռազմավարությունը որոշում է հետագա աշխատանքի տրամաբանությունը»,-նշեց Գոհար Բարսեղյանը՝ հավելելով, որ մինչ օրս ստեղծված են տնտեսական պայմաններ Միության հետագա զարգացման համար, սահմանվել են ռազմավարական առաջնահերթություններ։

Տեսանյութեր

Լրահոս