«Եթե պարոն Բեքմեզյանի մոտ նման մտահոգություններ կան, պետք է դիմի պատկան մարմիններին». Վլադիմիր Վարդանյան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ արդեն նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականին և նրա հայտարարությանը, թե անկախ գործելու և աշխատելու ճգնաժամ կա։
«Եթե պարոն Բեքմեզյանի մոտ նման մտահոգություններ կան, վերջինս պետք է դիմի պատկան մարմիններին, ինձանից լավ գիտի՝ որտեղ և ինչպես պետք է դիմի։
Ինչ վերաբերում է նրան, թե պարոն Բեքմեզյանի որոշումն ինչով է պայմանավորված, ես չեմ ուզում մեկնաբանել, չեմ էլ կարող մեկնաբանել։ Պարոն Բեքմեզյանին ճանաչում եմ դեռևս համալսարանական տարիներից, նա շատ սկզբունքային անձնավորություն է, բայց ես չէի ուզենա, որ մենք այս իրավիճակը դիտարկենք ինչ-որ տեսակի, ինչ-որ ազդեցությունների հետ։ Եթե պարոն Բեքմեզյանն ուզում է ինչ-որ բան ասել, կառավարությունը, մեր հանձնաժողովը, ԱԺ-ն պատրաստ են այդ հարցերը քննարկել»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Ինչ վերաբերում է վերջին ձերբակալություններին՝ դատավորի և փաստաբանի, Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ փաստաբանը որևէ կապ չունի ԲԴԽ-ի հետ, այդ կառույցը բաղկացած է դատավորներից և գիտնական անդամներից, որոնք նշանակվել են տարբեր ժամանակահատվածներում։
«Յուրաքանչյուրն ունի իր փորձառությունը և ամենակարևորը՝ յուրաքանչյուրը պատասխանատու է օրենքի առջև և իր սեփական խղճի առջև։ Ես իրավունք չունեմ և չեմ էլ ցանկանում, խորհուրդ էլ չեմ տալիս իմ որևէ գործընկերոջ՝ միջամտել ԲԴԽ-ի գործունեությանը»,- շեշտեց Վլադիմիր Վարդանյանը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության վերաբերյալ իշխանական պատգամավորն ասաց, որ չի կիսում այն տեսակետը, թե նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այն հիմնավորմամբ, որ եղել է մի շարք ընդդիմադիր գործիչների շահերի պաշտպան։