«Որևէ տեղաշարժ չկա, այս ուղղությամբ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն չկա». Զառա Ամատունին՝ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների մասին

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա տարբեր ուղղություններով հարձակման հետևանքով հայկական կողմը թշնամու ագրեսիայի հետևանքով ունի 28 անհետ կորած զինծառայող։ Այս թիվն օրերս պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։

«Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ»»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Արդեն տևական ժամանակ է, անհետ կորած զինծառայողների ծնողները Կառավարության և ՊՆ շենքերի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերադարձնել իրենց որդիներին, նրանք նաև մատնանշում են այն վայրերը, որտեղ, հնարավոր է՝ գտնվում են իրենց տղաները։

Կարդացեք նաև

Նշենք, որ ինչպես 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։

Ավելի վաղ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ին փոխանցել էր, որ իրենց մասնակցությամբ որևէ որոնողական աշխատանք այս ընթացքում չի կատարվել։

168.amի հետ զրույցում այսօր Զառա Ամատունին կրկին ասաց, որ որևէ որոնողական աշխատանք Կարմիր խաչի մասնակցությամբ տեղի չի ունեցել։

«Կարող եմ ասել, որ մեր մասով որևէ տեղաշարժ չկա, այսինքն՝ այս ուղղությամբ չկա ձեռք բերված որևէ պայմանավորվածություն, թեև մենք փորձում ենք հետևողական կերպով այս հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Մենք պատրաստ ենք ներգրավվելու նման գործողություններում, ինչպես կողմերը կնախընտրեն։ Ընդունում ենք նաև այն հնարավորությունը, որ կողմերը կարող են ձեռք բերել որևէ պայմանավորվածություն, որտեղ ներգրավված չի լինի ԿԽՄԿ-ն։ Այստեղ, բնականաբար, ավելի կարևոր է, որպեսզի խնդիրը լուծվի։ Մենք ինքներս էլ այս առումով փորձում ենք հետևողական կերպով հիշեցնել մեր գործունեության մասին և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել»,- նշեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է հարցին, թե՝ անհետ կորած զինծառայողների ծնողներն արդյոք դիմե՞լ են Կարմիր խաչին, Զառա Ամատունին դրական պատասխան տվեց․ Տարբեր հաճախականությամբ մեծ խմբով մարդիկ, ընտանիքներով դիմել են կառույցին։

«Մեր դռները միշտ բաց են, և մենք փորձում ենք մարդասիրական հարցերով աջակցել»,- եզրափակեց  Զառա Ամատունին։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս