
Երբ մարդուն ընդունում են աշխատանքի՝ քիչ տարածություն մաքրելու համար են պայմանավորվում, իսկ երբ գալիս ես գործի՝ պարզվում է, որ մաքրելու համար քեզ հասանելիք տարածությունը մեծացել է. մաքրուհի

«Եթե նախկինում աշխատում էինք գիշերը 02:00-ից մինչև 05:00-ն, ապա հիմա ժամերը փոխվել են՝ դառնալով 24:00-08:00-ն, դրա համար շատերն այս գրաֆիկով աշխատել դժվարանում են ու դուրս են գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մաքրուհիներից մեկը՝ հավելելով, որ սա հանգեցնում է նրան, որ մնում են 5-6 հոգի, ու մեկ փողոցի փոխարեն՝ մեկ հոգուն հնարավոր է բաժին հասնի 3-4 փողոց:
«Գիտեք, երբ մարդուն ընդունում են աշխատանքի՝ քիչ տարածություն մաքրելու համար են պայմանավորվում, իսկ երբ գալիս ես գործի՝ պարզվում է, որ մաքրելու համար քեզ հասանելիք տարածությունը մեծացել է: Ու սա է պատճառը, որ մինչև ժամը 08:00-ն աշխատում ենք: Մի մայթն անում ես, դառնում ես մյուս մայթը մաքրելու, հետո մյուս փողոցի մայթերը, ու այդպես շարունակ: Մեր բրիգադում, օրինակ, 15 հոգի է, 6-ն են գալիս աշխատանքի: Երբ գալիս է 24:00-ն, պարզվում է՝ մեկը բացակա է, մեկը՝ հիվանդ, և այլն, ստացվում է՝ 5 հոգով մի ամբողջ թաղամաս պետք է մաքրենք: Գործատուն էլ է սխալ՝ մարդը դեռ աշխատանքի չեկած՝ ինչ գործ կա՝ անել են տալիս, ու հիսաթափվում ես: Միակ լավ բանն այն է, որ աշխատավարձը բարձր է՝ 150.000 դրամ, որին գումարվում են պարգևավճարները, 13-րդ աշխատավարձը, իսկ նախկինում 70-80.000 դրամ էինք ստանում»,- նշեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ սեպտեմբերի 23-ի ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը հայտնեց, որ առանձատների բնակիչները դժգոհում են, որ գույքահարկը և ամեն ինչ թանկացել է, դժգոհում են նաև, որ չեն մաքրվում բակերը:
«Հիշում եմ, որ բավականին շատ աշխատողներ ընդունեցինք, բայց անարդար է, որ շենքերի բակերը մաքրվում են, իսկ սեփական սեկտորի բակերն ու փողոցները՝ ոչ»,- ասաց ավագանու անդամը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք հիշում, դեռ տարվա սկզբին էր, որ հաստիքացուցակ ավելացրեցինք 200 մաքրուհիներով, բայց, ցավոք, այդ 200 հաստիքը չենք կարողացել համալրել: Եթե չեմ սխալվում՝ շուրջ 50-ն ենք կարողացել համալրել: Այսինքն, այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք, և եթե քաղաքացիներ կան, ովքեր պատրաստակամություն ունեն աշխատել մեր հիմնարկում, մեծ սիրով սպասում ենք, անպայման կընդունենք աշխատանքի»: