Ո՞վ է Շիրակի մարզի դատախազի հավակնորդը
Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո պարզ էր, որ կադրային փոփոխություններն անխուսափելի են, և ճիշտ է, նորանշանակ դատախազի համար, իհարկե, բարդ է կողմնորոշվել կադրերի հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ամեն դեպքում դատախազական համակարգից չէ և չի ճանաչում դատախազներին, բայց որ փոփոխություններ կլինեն և շատ դեպքերում դրանք անհրաժեշտ են, փաստ է:
Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ կփոխվեն նաև մարզային դատախազներ, և դրանց թվում, իհարկե, Շիրակի մարզի դատախազի փոփոխությունն է նախատեսվում:
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել մարզի դատախազի հետ կապված:
Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը, ում նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում, դժվար թե շարունակի պաշտոնավարել, հատկապես որ հանդիսանում է նախկին դատախազ Արթուր Դավթյանի կադրը:
Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների՝ ծառայողական քննությունը սկսվել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա, ըստ որի՝ Գուրգեն Գրիգորյանը հրահանգել է իր նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու, և երբ ինքը ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել դատախազի անձին, Գուրգեն Գրիգորյանը քրեական ենթամշակույթ կրող անձանց, թաղային հեղինակությունների է ներգրավել թեմայի մեջ՝ իրեն գործարք առաջարկելով։
Բնականաբար, հիմա արդեն կատաղի պայքար է ընթանում մարզի դատախազի աթոռին տիրանալու համար: Այս պահին պայքարի առաջամարտիկը Շիրակի մարզի դատախազի տեղակալ, ծնունդով Աշոցքից Հովհաննես Պողոսյանն է:
Հովհաննես Պողոսյանի վերաբերյալ 168.am-ը 2020թ. 44-օրյա կործանարար պատերազմի օրերին, երբ օրական հարյուրներով զինծառայողներ ու կամավորականներ էին նահատակվում, մի զարհուրելի տեղեկություն ստացավ, որն այն օրերին չհրապարակեցինք հասկանալի պատճառներով: Բայց այսօր եկել է ժամանակը, որ Շիրակի մարզի բնակիչները և անձամբ գլխավոր դատախազը իմանան՝ ով է մարզի դատախազի հավակնորդ այս մարդը:
Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը ՔՊ-ական ներկայիս պատգամավոր, նախկին մարզպետ, մարզը «նայող» Կարեն Սարուխանյանի հետ միասին Գյումրիի շոգեբաղնիքներից մեկում աղմկոտ ժամանց էր կազմակերպել, և դրան խիստ պատահաբար ականատես էր եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Շիրակի մարզի պատասխանատուներից մեկը՝ Ա.Բ.-ն (անունը դեռ չենք հրապարակում):
Այսինքն՝ Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնելուն է հավակնում մեկը, ով 44-օրյա պատերազմի օրերին ալկոհոլային խմիչքներով, երաժշտությամբ ուղեկցվող հավաքույթ է կազմակերպել Գյումրիի շոգեբաղնիքներից մեկում (Չենք ուզում թիրախավորել բիզնեսին, սակայն անհրաժեշտության դեպքում կհրապարակենք նաև շոգեբաղնիքի անունը, ուր տեղի է ունեցել մարզի դատախազի տեղակալի անմոռանալի ժամանցը):
Հովհաննես Պողոսյանի հիշողություն թարմացնելու համար հիշեցնենք, որ նրա ու ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի համատեղ քեֆը սաունայում տեղի է ունեցել այն օրը, երբ հուղարկավորում էին Շուշիի մշակույթի տանը զոհված շիրակցի ոստիկաններին, այն ժամանակ, երբ արդեն ադրբեջանցիները գրավել էին Ջրականն ու Հադրութը:
Բնականաբար, Հովհաննես Պողոսյանը ցանկանում է հենց Կարեն Սարուխանյանի միջոցով ու գործուն աջակցությամբ էլ ստանալ մարզի դատախազի աթոռը, իսկ թե ինչի դիմաց է առհասարակ Կարեն Սարուխանյանը պաշտոններ բաժանում, Գյումրիում բոլորն են խոսում:
Ի դեպ, Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերը Կարեն Սարուխանյանը նույն այդ Հովհաննես Պողոսյանի միջոցով լուրեր է տարածում, թե իրենք այլևս մտերիմներ չեն, լավ հարաբերություններ չունեն, ինչը մեր աղբյուրների պնդմամբ՝ իրականության հետ աղերս չունի: Կարեն Սարուխանյանն ու Հովհաննես Պողոսյանը, Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկինի պես մտերիմ ընկերներ են, և Հովհաննես Պողոսյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզի դատախազ, առաջ է տանում հենց Կարեն Սարուխանյանը:
Իսկ թե ինչպես և ում է աշխատանքի տեղավորել Կարեն Սարուխանյանը, 168.am-ում տասնյակ հրապարակումներ կան: