«Եթե ուզում են մատաղ անել, թող ասեն». Տիրան Խաչատրյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ:

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին։ Դրանք որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։

Անկեղծ ասած, թե ինչ ծրագրով են ուսուցումն անցկացնելու՝ չգիտեմ, բայց այն ձեւով, ոնց որ ներկայացված է՝ մեկ շաբաթ ուսուցում, չորս օր ծանոթացում, երկու շաբաթ մարտական հերթապահություն… եթե նախապատրաստում են մարտական հերթապահության համար, մեկ շաբաթ ժամկետը շատ փոքր ժամկետ է։ Ես չգիտեմ՝ ինչ ծրագիր են մշակել, այդ ինչպիսի՞ արդյունավետություն ունի։

Նախապատրաստական շրջանը նվազագույնը որքա՞ն պետք է տեւի։

Գիտեք, այս պարագայում կարեւորն այն է, թե ինչպիսի ծրագրով են դա իրականացնում։ Ասենք, հիմա էլ երիտասարդ զինվորը, որ զորակոչվում է բանակ, միջին հաշվով հինգ ամիս պատրաստություն է անցնում, այդ թվում՝ նաեւ մարտական հերթապահության նախապատրաստման։ Միայն դրանից հետո է թույլատրվում մարտական հերթապահությունը։ Եվ ասեմ, որ այդ ծրագիրն էլ բավական հագեցվածություն ունի, եւ փաստն էլ այն է, որ նույնիսկ դրանից հետո արդյունավետությունը՝ մարտական հերթապահության իրականացման, այդքան էլ բարձր չէ։ Ես չեմ պատկերացնում՝ մեկ շաբաթ նախապատրաստական գործընթացն ինչպես է ապահովելու այդ մարտական հերթապահության իրականացումը։ Իրականում աբսուրդի ժանրից է։

Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին դիմակայելու համար մեկ շաբաթ պատրաստություն անցած մարդկանց առաջնագիծ ուղարկելն ի՞նչ է նշանակում։

Դա նշանակում է ուղղակի, ռուսերեն բառ կա՝ пушечное мясо, թնդանոթի միս։ Մարդկանց ուղղակի անպատրաստ տանել, եսիմ, եթե ուզում են մատաղ անել, թող ասեն՝ մատաղ ենք անում։

Սա պայմանավորում եք բանակի անձնակազմի անբավարար լինելո՞ւ հետեւանքով, զինծառայողների քանա՞կը չի բավականացնում։

Քանակը, միանշանակ, կարող է եւ հիմա չի բավականացնում, այսինքն՝ ոչ թե կարող է, իհարկե՝ չի բավականացնում, բայց այդկե՞րպ թվաքանակը լրացնել՝ ավելի լավ է ուղղակի մանեկեններ ունենալ ու դրանով կազմակերպել։

Նման որոշումների կայացումն իշխանությունների, պաշտպանության նախարարի անփորձությա՞ն հետեւանք է։

Ես ավելի շատ ոչ արհեստավարժության հետ կկապեի։ Գիտեք, մարդ կարող է անփորձ լինել, բայց տրամաբանություն ունենալ, գիտելիքներ ունենալ, որը հետո ինչ-որ բաներ կհղկվի դրա մեջ։ Բայց այսպիսի մոտեցումն ուղղակի պրոֆեսիոնալիզմի պակաս է, որը շատ ծանր հետեւանքներ, ցավոք սրտի, կարող է ունենալ։

ՊՆ-ում մասնագետներ չե՞ն մնացել, ովքեր Սուրեն Պապիկյանին կհուշեին, որ նման նախագիծ չի կարելի ներկայացնել։

ՊՆ-ում մասնագետներ կան, բայց ինչքանո՞վ են այդ մասնագետներին լսում, կարծիքները հաշվի առնում՝ դա ուրիշ հարց է արդեն։

Եթե պարզ խոսենք՝ մարդկանց ուղիղ մահվա՞ն են ուղարկում։

Ստացվում է՝ այո։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ փրկել է 25-30 հազար զինծառայողի կյանք։ Հարց է առաջանում՝ որտե՞ղ են այդ պատրաստված զինծառայողները, ինչո՞ւ նրանց չեն ուղարկում առաջնագիծ։

Այդ զինծառայողների կյանքը, այսպես չակերտավոր ասենք, որ «փրկեց», հետո հետ բերեցին այնտեղ, որտեղ իրենք կային՝ հետ բերեցին Հայաստան, այստեղից էլ մի մասն ընդհանրապես չծառայեց, մի մասն էլ զորացրվեց, ու դրանից հետո էլ նոր պատրաստություն, փոխարինում, համապատասխան աշխատանքներ չիրականացվեցին։

Հիշեցնենք, որ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՊՆ-ն հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա։ Այդ հավաքները պարտադիր են լինելու զինապարտ բոլոր ՀՀ քաղաքացիների համար։ 25 օրից միայն 14 օրն է նախատեսվում մարտական հերթապահություն իրականացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս