Դիվանագիտությունը գոռգոռալու և «պորտը տեղը դնելու» արվեստ չէ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմում պարտությունից ու դրան հաջորդող իրադարձություններից հետո Հայաստանը արտաքին քաղաքական նոր մոտեցումների կարիք ունի, քանի որ պատերազմը և պարտությունը նաև արտաքին քաղաքականության ոլորտում անհաջողության մասին են վկայում։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն նույն մոտեցումներն, որ կային պատերազմից առաջ, շարունակվում են նաև հիմա։ Համենայն դեպս, չկա այն անհրաժեշտ ճկունությունը, որը թույլ կտա Հայաստանին համադրել տարբեր խաղացողների շահերը։
Հայաստանը միջազգային հարաբերություններում այն աստիճանի է կորցրել իր սուբյեկտայնությունը, որ մեր տարածքը արդեն երկորդ անգամ ագրեսիայի է ենթարկվում Ադրբեջանի կողմից, սակայն միջազգային հանրությունը և մեր գործընկեր պետությունները, մի քանի դատապարտող հայտարարությունից բացի, Բաքվի ախորժակը զսպող էական քայլեր չեն ձեռնարկում։ Իհարկե, սա ցավալի փաստ է, բայց ողջ խնդիրն այն է, որ իշխանությունները ներքին լսարանի համար այլ տպավորություն են փորձում ստեղծել։
Օրինակ՝ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի ելույթը մեծ իրարանցում առաջացրեց։ Մերձիշխանական շրջանակներն անմիջապես սկսեցին այն դարձնել դրոշակ՝ նշելով, թե Միրզոյանը շատ հզոր գործիչ է, Լավրովի «պորտը տեղը դրեց», համարյա թե Տիգրան Մեծից հետո նման դիվանագետ չենք ունեցել և այլն։
Իրականում Արարատ Միրզոյանի ելույթը գուցե վատը չէր, դրանում նույնիսկ տեղին ու ճիշտ շեշտադրումներ կային, ու շատերը կարող են համաձայնել դրա հետ, բայց դիվանագիտության նրբությունների համատեքստում խնդիրն այլ է։ Իրականում դիվանագիտությունը ցուցադրականը, գոռգոռալը, բարձր խոսելը կամ մուննաթ գալը չէ, այլ հետևողականորեն պետության շահերն առաջ տանելը և արդյունքներ գրանցելը։ Իսկ այս տիպի հանդիպումների ժամանակ միայն ներքին լսարանի համար հայտարարություններ անելը ոչ մի լավ տեղ չի տանելու։
Ավելին, միշտ չէ, որ ինչ-ինչ ակնհայտ իրողությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց իրավիճակ է փոխվում։ Հնարավոր է՝ մերձիշխանական քարոզչամեքենայի օգնությամբ ներքաղաքական որոշակի դիվիդենտներ հավաքել, բայց դրա փոխարեն երկիրը կկորցնի իր դիրքերը գործընկերների հետ հարաբերություններում։
Նույնիսկ շատ ավելի հզոր պետությունների ղեկավարները իրենց թույլ չեն տալիս դուրս գալ որոշակի կոռեկտության շրջանակներից, իսկ մի՞թե Հայաստանը այնպիսի մեծ հնարավորություններ ունի, որ կարողանա ամպագոռգոռ հայտարարություններ անել կամ մուննաթ գալ, որքան էլ, կրկնում ենք, այդ հայտարարությունների մեջ ակնհայտ ճշմարտություններ լինեն։ Հաշվի առնենք նաև, որ այդպիսի քայլերի արդյունքոմ Հայաստանը ներկայացնող պաշտոնյաները կարող են անցանկալի վիճակում հայտնվել։
Օրինակ՝ հիշում եք, որ դեռևս 2018 թվականին Փաշինյանը հրապարակայնորեն իր դժգոհությունը հայտնեց Բելառուսին այն կապակցությամբ, թե զենք է վաճառում Ադրբեջանին։ Դրան ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարեց. «Ես Պուտինի ներկայությամբ ասացի նրան, Ալիևն էլ էր այնտեղ, ասացի՝ Նիկո՛լ, արի մեկընդմիշտ վերջակետ դնենք այս ամենին. ո՞վ է զենքի վաճառքով առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանի հետ. Ռուսաստանը։
Ասացի՝ բա ինչո՞ւ ես լեզուդ մտցրել…, վախենո՞ւմ ես քննադատել Պուտինին»։ Եվ հիմա արդեն տեսնում ենք, թե ով հայտնվեց ավելի անհարմար դրության մեջ։ Մյուս կողմից էլ՝ որևէ մեկի «պորտը տեղը դնելով», հասկանալի է՝ բացի թշնամական պետություններից, Հայաստանի համար կարևոր հարցերին չես կարող լուծում տալ։ Դրա համար կան դիվանագիտական լեզու, դիվանագիտական ճանապարհներ, դիվանագիտական գործիքակազմ:
Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մեր գործընկեր պետություններին, էլ առավել ևս՝ ռազմավարական դաշնակցին։ Մի՞թե հրապարակային մուննաթ գալով՝ ավելի չենք բարդացնում մեր հարաբերությունները գործընկերների հետ, քանի որ այդպիսի հայտարարությունները ոչ միայն ազդում են մեր ներքին լսարանի վրա, այլև գործընկեր պետության հանրային տրամադրություններում են փոփոխություն առաջ բերում»: