Թշնամու կրակոցներից հետո Կուտականում արդեն կատակում են՝ «Ամպերի գոռոցներն էին, կրակոցների ձայներ չէին»

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»:

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն ասաց, որ գյուղում իրավիճակը նորմալ է, թեպետ աշակերտները դեռ դպրոց չեն գնում՝ դասերը հեռավար են անցկացնում։

Հարցին՝ գիշերվա կրակոցները գյուղում լսվե՞լ են, Մակիչ Թովմասյանը կատակեց.

«Ամպերի գոռոցներն էին, կրակոցների ձայներ չէին»։

Միաժամանակ նա փոխանցեց, որ սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակվեց Հայաստանի վրա, Կուտականից բնակիչների մի մասը տարհանվել էր, այսօր արդեն նրանք քիչ-քիչ վերադառնում են։

«Մարդիկ սկսում են վերադառնալ, գյուղի կյանքն ընկնում է  բնականոն հունի մեջ։

Մարդիկ նաև աստիճանաբար սկսում են իրենց բերքը հավաքել, նորմալ է այս պահին»,- եզրափակեց Մակիչ Թովմասյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը կրկին հարձակվել էր Հայաստանի վրա, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս