««Խաղաղության պայմանագիրը» չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են այդ զինված միավորումները». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ երեկ ԵՄ հասցեական արձանագրում արեց և հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն անհապաղ պետք է լքեն ՀՀ տարածքը, ինչպես նաև պետք է վերադարձվեն գերիները։

«Դիվանագիտական մակարդակում կարելի է ասել, որ մենք համաշխարհային մակարդակում ունենք միանշանակ գնահատական, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և դա, բնական է, ունենալու է իր հետևանքները քաղաքական իմաստով։

Ռազմական իմաստով ուզում եմ ասել, որ շատ չեմ ուզում մտնել մանրուքների մեջ, բայց հայկական բանակն այսօր ի զօրու է իր կետում, այսպես ասած՝ հարցի լուծման հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկել։ Այլ հարց է, թե արդյո՞ք դա կբերի ավելի  մեծ էսկալացիայի, թե՞ ոչ։ Այս առումով թույլ տվեք ես լռեմ և ՊՆ-ն խոսի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Խոսելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը ստորագրելուց, որն, ըստ ԱԽ քարտուղարի՝ պետք է տեղի ունենա մինչև տարեվերջ, Ալեն Սիմոնյանն ասաց.

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ «խաղաղության պայմանագիրը» չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են այդ զինված միավորումները, ինչպես նաև կարծում եմ՝ այդ պայմանագիրը ստորագրելիս, մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ ռազմագերի չենք ունենա։ Հակառակ դեպքում դա կլինի իմիտացիա, սա մեր քաղաքական դիրքորոշումն է։ Երկկողմ հայտարարությունների հիման վրա տրամադրվածություն է ստեղծվել, որ՝ եկեք մինչև տարեվերջ այդ պայմանագիրը կնքենք, բայց ընդհանուր այդպես չէ, որ մինչև տարեվերջ կնքում ենք։ Բայց հայտարարությունները գնահատելով, երկու կողմի ցանկությունն էլ դա է»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակմանը և դրանից հետո  ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի գրավոր դիմումին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարձակումից մեկ օր հետո դիմել են ՀԱՊԿ-ին, սակայն մինչ օրս գործընթացները շարունակվում են՝ Ադրբեջանը կրակում է, տղաները մահանում են։

«Իսկ ուր է մեր դիմելու պատասխանը՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան, դա էլ հո նախագահության հետ կապ չունի՞։ Պարզաբանում պահանջել եմ, խոսել եմ, բայց մինչև այս պահը կա այն, ինչ դուք հրապարակայնորեն լսում եք, շարունակում ենք պահանջել։ Միևնույն ժամանակ ուզում եմ նորից մեր հայրենակիցներին ասել, որ մենք չենք սահմանափակվում մեր երկրի անվտանգությունը պահպանելու հարցում միայն այս պահին եղած լծակներն օգտագործելով, որովհետև հնարավոր է՝ 1-2 ժամում տարածաշրջանում շատ կտրուկ բան փոխվի»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս