«Մենք ունենք մեզ մոտեցող աղետների լուրջ հոսք և պետք է արագ գործել». Արթուր Ղազինյան․ ՈւՂԻՂ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման եկել էր անմիջական զրույցի, ինչպես ինքը վստահեցրեց՝ առանց նախապատրաստվելու, առանց նախապես նշումներ անելու:
Նախկին պատգամավորն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ կասեցնում է քաղաքական գործունեությունը և վերադառնում մասնագիտական-փորձագիտական ոլորտ, ապա նաև կոչ էր արել հրավիրել Համահայկական կոնսիլիում, որը կմշակի ու հանրությանը ներկայացնի Հայաստանի Ապագայի Նախագիծը:
Ասուլիսում Արթուր Ղազինյանը հայտնեց՝ Համահայկական կոնսիլիումը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր, թեև իրավաբանորեն դեռ չի գրանցվել, բայց երկու և ավելի ամիս է՝ փաստացի գործում է: Թե ովքեր են արդեն ընդգրկված այդ նախագծում՝ նա չշտապեց բացահայտել:
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգը միայն չի վերաբերում Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցներին. վերաբերում է բոլոր հայերին: Եթե չլինի Արցախը, եթե չլինի Հայաստանը, ապա արդեն շատ մեծ հարցական կդառնա աշխարհի որևէ երկրում հայ ներկայանալու և հայ լինելու հարցը»,- անդրադառնալով «համահայկական» բառով նախագիծը ներկայացնելու պատճառներին՝ նշեց նա:
Եվ քանի որ կոնսիլիում նշանակում է՝ հաշտեցում, ախտորոշում, նախկին պատգամավորը հակիրճ ձևակերպեց հրամայականը՝ «Օր առաջ պետք է սկսել հաշտեցում»:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այդ հաշտեցումը ենթադրում է նաև այն մարդկանց հետ հաշտեցում, որոնք ասում են, թե Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, կամ Գորիս-Կապան ճանապարհահատվածն Ադրբեջան է, Արթուր Ղազինյանը նկատեց, որ այդ մարդիկ հայկական շահի հետ որևէ առնչություն չունեն:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք հանրության հաշտեցման ապաքաղաքական օրակարգով, քաղաքական գործիքակազմի բացակայությամբ հնարավոր կլինի հասնել իշխանափոխության, նա պատասխանեց. «Իշխանափոխությունը նպատակ չէ` միջոց է, որով պետք է հնարավոր լինի լուծել շատ ավելի կարևոր խնդիր:
Մենք դեռ կարևոր խնդիրը չենք հստակեցրել, չենք ասել՝ ինչ ենք պատրաստվում անել, և որն է մեր առաջարկը: Առաջարկի կոնկրետության, ընդունելիության, դրա ընկալելիության հետևանքով և արդյունքում իշխանությունը կփոխվի:
Այսօր իշխանության՝ սնանկացած ու ծաղրուծանակի ենթարկված «Ապագա կա, ապագա» -ն այլընտրանք չունի. չկա մրցակից, hետևաբար, մրցակցությունից դուրս է և դեռևս կարողանում է իր կենսունակությունը պահպանել բացառապես այն պատճառով, որ չի ներկայացրել այլընտրանքային ապագայի նախագիծ, որը մրցակցության մեջ կկարողանար շահել ժողովրդի, հանրույթների աջակցությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում