Անհետ կորած զինծառայողների ծնողներին զայրացրել է Ալիևի վերջին հայտարարությունը

Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, արդեն 30 տարուց ավելի է՝ Ադրբեջանից պահանջում են տեղեկություններ տրամադրել իրենց որդիների վերաբերյալ։

Նրանցից շատերը նույնիսկ գիտեն, թե ադրբեջանական կողմը որտեղ է հուղարկավորել տղաների մի մասին, սակայն անգամ Կարմիր խաչին այսքան ժամանակ թույլ չի տվել, որպեսզի այդ տղաների դիերը հանեն և հանձնեն ծնողներին։

Անհետ կորած զինծառայողների ծնողներին զայրացրել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը։ Ըստ նրանց, եթե Ադրբեջանը նման պահանջ է  ներկայացնում, ապա թող բարի լիներ 30 տարի կատարեր նաև հայկական կողմի պահանջը։

168.am-ի հետ զրույցում «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանը, ում որդին՝ Շահեն Առաքելյանը, անհետ կորել է Արցախի առաջին պատերազմի ժամանակ, ասաց, որ Արցախյան ազատամարտից անմիջապես հետո Ադրբեջանից պահանջել են վերադարձնել իրենց որդիներին, եթե նրանք զոհվել են, ապա վերադարձնեն դիերը։

Կարդացեք նաև

««Արաբո» ջոկատի 79 հոգին անհետ կորած են 1992 թվականից, և խոսքը միայն այս ջոկատի մասին չէ։ Եթե Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայկական կողմն իրեն տեղեկություն տրամադրի, ապա թող բարի լինի, նույնն էլ ինքն անի։ Մենք գիտենք, թե մեր տղաների մի մասը որտեղ են թաղված՝ Հասանղարա տարածքում, որը 44-օրյա պատերազմից առաջ չեզոք գոտի էր, երեք մեծ թումբ կա, որոնցից մեկի տակ մեր տղաների դիերն են, տեսանյութերից ենք իմացել։ Ամեն տարի հունիսի 29-ին մենք գնում՝ կանգնում էինք հեռվում ու նայում այդ թմբին, բայց վերջին երկու տարիների ընթացքում դա էլ չենք կարողանում անել»,- նշեց Ռիմա Առաքելյանը։

Նա նշեց, որ իրենք Ադրբեջանից պահանջում են իրենց որդիներին, քանի որ ուզում են, որպեսզի իրենց որդիները հուղարկավորվեն Հայաստանում, որպեսզի կարողանան այցելել նրանց շիրիմներին։

«Մենք ի սկզբանե մեր ԴՆԹ-ները տվել ենք Կարմիր խաչին, որպեսզի հնարավորության դեպքում, եթե կարողանան մտնել այդ տարածք, մեր տղաների աճյունները ԴՆԹ անալիզի ենթարկեն ու հանձնեն մեզ։

Ադրբեջանը շատ վատ ձևով է մեր տղաներին սպանել, նրա ձեռագիրը բոլորին էլ հայտնի է, և այսօր մեր տղաների դիերը չի տալիս, քանի որ վախենում է, որ իրեն կմեղադրեն պատերազմական հանցագործության մեջ։ Մեր տղաները գերի չեն հանձնվել, մինչև վերջ կռվել են, նույնիսկ ձեռնամարտի բռնվել, բայց նրանց դաժանաբար սպանել են ու մի մասին հուղարկավորել այդ վայրում։ Ես իմ որդուն տեսել եմ ընկած»,- հավելեց Ռիմա Առաքելյանը։

Նրա պնդմամբ՝ Ադրբեջանն իր բոլոր կատարած հանցագործությունների համար պետք է վաղուց պատասխանատվության ենթարկվեր, իսկ ՀՀ կառավարությունը պետք է ոչ թե բարձրաձայնի միայն քառօրյայի ու 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած լայնածավալ ռազմական հանցագործությունները, այլև 90-ականների պատերազմի ժամանակ կատարածը։

«Երեք տարի է՝ կառավարությունը որևէ անգամ չի հետաքրքրվել մեզանով և մի անգամ չի կանչել այս հարցը քննարկելու, մենք էլ փորձում ենք մեր ուժերով ամեն ինչ անել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է նախկինում ՊՆ-ում գործող պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին, Ռիմա Առաքելյանն ասաց, որ հանձնաժողովը բավականին արդյունավետ էր աշխատում, քանի որ կարողանում էին պատերազմից հետո՝ խաղաղ պայմաններում գերեվարված անձանց ճակատագրով զբաղվել և պետության գործուն քայլերի շնորհիվ նրանց հայրենիք վերադարձնել, թեպետ բազմաթիվ դեպքերում Ադրբեջանը վերադարձնում էր գերեվարված անձանց դիերը, հաճախ՝ խոշտանգված։

«Աստված է վկա, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվել մեր տղաներին, այնտեղ հայտնված ռազմագերիների հետ»,- եզրափակեց Ռիմա Առաքելյան։

Նշենք, որ Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների ճակատագրի և «զանգվածային» գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։

Տեսանյութեր

Լրահոս