Սիսիանում նոր ՏԻՄ ընտրություններ կանկացվե՞ն
«Այն, ինչն այսօր տեղի է ունեցել Սիսիան համայնքի ավագանու նիստի ընթացքում, չի արտահայտում իմ և մեր թիմակիցների կարծիքն ու որոշումը»,-այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակով սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասնակից Արսեն Ավագյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Մեր թիմում որոշում չենք ունեցել, որ մեր թիմը ներկայացնող ավագանու անդամ Յազուլյան Նախշունը պետք է քվեարկեր Հակոբջանյան Արմենի օգտին, որպես համայնքի ղեկավար։
Յազուլյյան Նախշունը պետք է հասկանար, որ այդ մանդատը իր սեփականությունը չէր, որ վարվեր այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։ Փաստացի պարզվեց, որ ո’չ միայն անվստահելի գործընկեր է Յազուլյան Նախշունը, այլ թիմին թիկունքից հարված հասցնող։ Ցավում եմ, որ մեր երկրում մանկավարժը կարող է լինել այդպիսին»:
Նշենք, որ Արմեն Հակոբջանյանը, որի օգտին քվեարկել է ավագանու «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության անդամը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է:
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակի 2-րդ համար Արսեն Ավագյանն ավելի ուշ գրել է.
«Սիրելի Սիսիանցիներ, պատրաստվեք նոր ընտրությունների»:
Նշենք, որ Սիսիանում ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Ապրելու երկիր» խմբակցությունն այսօր վայր է դրել մանդատը: Խմբակցության առաջին համար, համայնքապետի թեկնածու Արա Զաքարյանն է այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել:
«Սիսիան համայնքի սիրելի հայրենակիցներ,
Այսօր բոլորիդ աչքի առջև համայնքի նորընտիր ավագանին խայտառակ մթնոլորտում անցկացրեց առաջին նիստը։
«Ապրելու երկիր» խմբակցությունը չմասնակցելու որոշում ուներ, որով պիտի ապահովվեր նիստի չկայացում և համայնքապետի ընտրության հարցը կրկին համայնքի բնակիչների լիազորության տիրույթ տեղափոխելուն։ Այս որոշման հիմքում ընկած էին սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի պատճառով մեր համայնքի խախտված սահմանների պայմաններում քարոզարշավի դադարեցումը, որի հետևանքով մեր համաքաղաքացիները հնարավորություն չունեցան լիարժեք տեղեկացված ընտրություն կատարելու։
Հետևաբար, առաջին նիստի և հետագա 14 օրվա ընթացքում համայնքապետի ընտրության նիստի չկայացումը այդ իրավունքը կվերադարձներ բնակիչներին։
Ցավոք սրտի, քվորումն ապահովվեց, ինչը և նպաստեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին 9 ձայնով համայնքապետ ընտրվել։ Ընդամենը 9 հոգի` 8+1, ինչը նույնիսկ ավագանու մեծամասնություն չէ, որոշեցին պետության համար ռազմավարական համայնքի առաջիկա 5 տարվա ճակատագիրը։
Սա գնահատում ենք անթույլատրելի և անընդունելի։
Այս իրավիճակում, «Ապրելու երկիր» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում և որոշում է կայացնում վայր դնել ավագանու անդամների մանդատները։
Միևնույն ժամանակ, մենք անելու ենք առավելագույնը Սիսիան համայնքում իրապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորելու հարցում՝ շարունակելով մեր նվիրումը համայնքին համայնքի բնակիչներին՝ անկախ որևէ կարգավիճակից»,- գրել է նա: