Բաժիններ՝

Վարդենիկ գյուղում կառուցվում է ոռոգման նոր ջրատար

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Կառուցվող ջրատարի երկարությունը կազմում է 2840 մետր։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերի վերջերից եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ստրոնգշին» ՍՊԸ-ն։ Ջրատարը կառուցվում է թեք լանջի վրա, երկաթբետոնյա վաքերով։ Ջրատարի կառուցման արդյունքում արտաքին ցանցում նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները, ջուրը տնտեսություններին կմատակարարվի ժամանակին, առանց խափանումների։

«Դժվարանցանելի կիրճով հոսող առվի 2,8 կմ հատվածում ջրի կորուստը կազմում էր շուրջ 60 տոկոս: Այժմ առվին զուգահեռ կատարվում է հարթեցում՝ գրունտային ճանապարհ բացելով անհրաժեշտ տեխնիկայի տեղաշարժի համար, ապա այդ հարթության վրա երկաթբետոնե վաքերով կառուցվում է նոր ջրատար։ Այն սնուցում է Վարդենիկի տնտեսությունների ավելի քան 60 տոկոսին։ Հոկտեմբերի 11-ի դրությամբ արդեն շինարարական աշխատանքներն ավարտված են կիսով չափ, եւ կան բոլոր հնարավորությունները, որ ջրատարի կառուցումն ավարտի հասցվի այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս