Արգիշտի Քյարամյանը դասային աստիճաններ է շնորհել Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել Կոմիտեի մի շարք աշխատակիցների:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Արգիշտի Քյարամյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, բարձր է գնահատել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները։
«Մեր աշխատանքով այսօր պետք է ամուր կանգնած լինենք Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման, իրավակարգի ամրացման գործում: Մենք պարտավոր ենք քրտնաջան աշխատել, և այդ աշխատանքով մեր ավանդը ներդնել պետականաշինության ընդհանուր գործում: Շնորհավորում եմ համակարգի բոլոր ծառայողներին, շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Քննչական կոմիտեն, ծառայել Ձեր կողքին»,-ասել է Քյարամյանը։
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը դասային աստիճաններ է շնորհել Կոմիտեի մի խումբ աշխատակիցների. Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արման Աբրահամյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Պետրոյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանին և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Թամոյանին՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով «Հավատարմության համար», «Անձնվիրություն և անվեհերություն», «Վաստակի համար», «Անբասիր ծառայության համար» չորրորդ և երրորդ աստիճանի մեդալներով, «Լավագույն քննիչ» կրծքանշանով, ինչպես նաև՝ հուշանվեր ժամացույցով, շնորհակալագրերով և դրամական պարգևներով պարգևատրվել են նաև ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող այլ անձինք:
ՀՀ պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանների համաձայն՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող ևս մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և հուշանվերներով: