Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ բժիշկների
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պետական պարգևների։ Միջոցառման շրջանակում Կառավարության ղեկավարը դիտել է ՈւԱԿ-ի 75-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմը։
ՀՀ նախագահի հրամանագրով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գագիկ Ջիլավյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով։
Առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի տնօրենի գիտական գծով խորհրդական Գագիկ Բազիկյանը և ՈւԱԿ-ի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ ՈւԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ Վիկտոր Բադեյանը, ՈւԱԿ-ի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Արա Պապյանը և Սերգեյ Մարտիրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։
Վարչապետ Փաշինյանն անձամբ հանձնել է պետական պարգևները, ևս մեկ անգամ շնորհավորել, մաղթել աշխատանքային արդյունավետ գործունեություն։