
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն կարող է ստեղծել: Նա այս մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Պրահայում հանդիպման վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ ոգևորված են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից:
«Մենք ողջունում ենք նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ համապարփակ խաղաղ գործընթացը խթանելու համար ներդրված ջանքերը : Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացից: Այս առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և կշարունակի խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-նշել է նա:
Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Ըստ դրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: